Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահը շնորհավորել է դեսպան Ուորլիքին նշանակման կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել նրան՝ իր կարեւորագույն առաքելության իրականացման գործում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի միջնորդական ջանքերը հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան լուծելու ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին եւ բանակցությունների հեռանկարին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքը Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամայի ուղերձը:






























