ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է սերտորեն համագործակցեն Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երեւանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Միաժամանակ նա հստակ պատասխան չտվեց հարցին, թե կարո՞ղ է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը ազդել ԱՄՆ միջնորդական ջանքերի վրա:

«Մենք անհամբեր սպասում ենք Ռուսաստանի հետ աշխատանքների շարունակմանը որպես բանակցային գործընթացում մեր գործընկեր: Ես անձամբ պատրաստ եմ սերտորեն աշխատել իմ գործընկեր, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ»,-նշեց Ուորլիքը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ուորլիքին նշանակել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնում: Սեպտեմբերի 9-ին վերջինս այցելել է Բաքու: