Ես ականատես չեմ եղել Մաքսային միությանն անդամակցելու հարցում Հայաստանի իշխանությունների վրա որեւէ ճնշման գործադրման: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով այն հարցին, արդյոք Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից լուրջ ճնշում է գործադրվել, ինչպես հայտարարում են եվրոպացի պաշտոնյաները: «Ոչ ոք մեզ չի ստիպել հայտարարել Մաքսային միությանն անդամակցելու մասին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահը»,-ընդգծել է Աբրահամյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Եվրախորհրդարանի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ սեպտեմբերի 11-ի նիստի ժամանակ կայացած քննարկումների ժամանակ խստագույնս քննադատել էին Ռուսաստանին: «Անընդունելի է, որ այնպիսի երկրները, ինչպիսին է Ռուսաստանը, էներգառեսուրսների սակագինն օգտագործեն որպես գործիք՝ երկրի ազատ ընտրությունն արգելափակելու համար: Մենք այդ երկրներին խրախուսում ենք անելու ամենավերջին քայլը՝ Ասոցացման համաձայնագրի ուղղությամբ»,-նիստում հայտարարել է ԵԺԿ ներկայացուցիչ Էլմար Բրոքը:





























