Ռուսաստանը ԵՄ-ի հետ Հայաստանի աշխատանքին երբեք դեմ չի եղել:  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան, այժմ Կասպիական համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն՝ «Ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում. Հայաստանի ընտրությունը» թեմայով Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում:

Նա նշել է, որ Հայաստանը երկու տարի աշխատել է ԵՄ-ի հետ՝ երկրում արտադրվող ապրանքների որակի եւ օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ:  «Դա լավ աշխատանք է, եւ ոչ ոք դա չի անտեսում: Ռուսաստանը կօգնի բարձրորակ արտադրանք ստանալ, այսինքն՝ կմշակվեն չափորոշիչներ, որոնք ընդհանուր կլինեն, եւ Ռուսաստանը միայն ողջունում է դա», - նշել է Վյաչեսլավ Կովալենկոն, ընդգծելով, որ ՌԴ-ն միշտ էլ ասել է, որ չի խոչընդոտում երկու ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը: 

Նախկին դեսպանը կարծում է, որ Ռուսաստանն իր խոսքի տերն է, եւ Հայաստանը 20 տարի է ՌԴ-ի օգնությամբ խաղաղություն է պահպանում տարածաշրջանում: «Եվրասիական միության եւ միասնական մաքսային տարածքի ստեղծման դեպքում Ռուսաստանը նույնպես իր խոսքի տերը կլինի», - վստահեցրել է Վյաչեսլավ Կովալենկոն: