Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարելով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փակեց դեպի ԵՄ տանող դուռը: Այս մասին այսօր հայտարարել է տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ «Հայաստանի նոր ընտրությունը. տնտեսական եւ քաղաքական ապագայի սցենար» թեմայով քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ եթե վերոհիշյալ որոշումն ընդունվել է Ռուսաստանի ճնշման ներքո, ապա դա լուրջ խնդիրներ է առաջացնում, քանի որ ռազմավարական գործընկերների վարքն այդպիսին չպետք է լինի: «Եթե ճնշում չի եղել, ապա հարց է ծագում, թե ինչու է Սերժ Սարգսյանն այդպես հեշտ հանձնվել Եվրոպայի հետ ասոցացման հարցում»,-ընդգծել է փորձագետը:
Նա նաեւ մատնանշել է այն փաստին, որ Հայաստանի կառավարությունը տեղյակ չի եղել եւ պատրաստ չի եղել իրադարձությունների նման զարգացման: Դա եւս մեկ խնդիր է դուրս բերում, որն առկա է Հայաստանում որոշումներ կայացնելիս, ընդգծել է նա: Բացի այդ, փորձագետը կարծում է, որ ԵՄ-ն եւս տեղյակ չէր եւ, կարելի է ասել, խաբվեց: Դա, նրա խոսքով, կարող է հանգեցնել նրան, որ ԵՄ-ն Հայաստանին այլ կերպ վերաբերի՝ որպես կեղծավոր եւ ոչ կոմպետենտ երկրի:





























