ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
Ինչպես NEWS.am-ին հաղորդել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սահակյանը շնորհավորել է համանախագահ Ուորլիքին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ նրան արդյունավետ աշխատանք մաղթել: Հանդիպմանը քննարկվել են հարցեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: Երկու կողմերը ընդգծել են Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Սահակյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման ճանապարհին ամենամեծ խոչընդոտը պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունն է: Նա հավելել է, որ գնալով այդ քաղաքականությունը ավելի մեծ սպառնալիք է ներկյացնում տարածաշրջանային կայունության ու խաղաղության համար եւ այս համատեքստում կոչ է արել համանախագահին հատուկ ուշադրություն դարձնել այդ խնդրին:
Հանդիպմանը մասնակցել են Հանրապետության ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ու այլ պաշտոնյաներ:





























