Վերջին տարիներին Արեւելյան գործընկերությունը ձեւավորվել է որպես փոխգործակցության գործուն ձեւաչափ եւ անդամ երկրներում բարեփոխումների խթանման գործիք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, նշվել է Երեւանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտի հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտենսիվ համագործակցությունը Եվրամիության հետ հնարավոր ուղղություններով եւ Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երեւանում Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման անցկացումը դրա վկայությունն է:

Հելգա Շմիդտը ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնները փոխանցելով՝ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար  Հայաստանի արտգործնախարարին, եւ նշեց, որ ԵՄ-ն եւս ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների վերաբերյալ: