Ակնհայտ է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ բոլոր ոլորտներում եւ բոլոր ձեւաչափերում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ «Ալյանս Ֆրանսեզ» հայկական կրթական-մշակութային կենտրոնում «Բաց դռների» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսից հետո:

«Բնականաբար, գոհ ենք Հայաստանի հաստատակամությունից՝ կապված բոլոր ոլորտներում եվրոպական կառույցների հետ երկխոսությունը շարունակելու հետ: Իհարկե, ցանկանում ենք, որպեսզի Հայաստանը մնա ԵՄ օրակարգում: Մենք նաեւ խրախուսում ենք Երեւանին իրականացնելու այնպիսի քաղաքականություն, որն ուղղված է Եվրամիության հետ սերտ համագործակցությանը»,-ընդգծել է դեսպանը, հավելելով, որ Հայաստանն իր հերթին  գիտակցում է, որ Ֆրանսիան աջակցելու է այդ ուղղությամբ իրականացվող բոլոր քայլերին: Պատասխանելով ԵՄ- Հայաստան Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրման հնարավորությանը՝ նա ընդգծել է. «Կապրենք, կտեսնենք»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը: