Պայմանավորվածությունները, որոնք Հայաստանը ԵՄ-ի հետ ուներ մինչեւ սեպտեմբերի 3-ը, ներկայումս իրագործելի չեն, քանի որ Մաքսային միությունն անհամատեղելի է ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախաստորագրման հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները ցանկանում են խորամանկել, ընդգծելով, որ շարունակելու են ԵՄ-ի հետ համագործակցությունը եւ պատրաստ են ստորագրել համաձայնագիրը. «Չեմ բացառում, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել, սակայն դա այն Ասոցացման մասին համաձայնագիրը չի լինի, որը Հայաստանը պետք է նախաստորագրեր վիլնյուսյան գագաթաժողովի ժամանակ: Եվրոպան համագործակցում է բազմաթիվ երկրների հետ, անգամ աֆրիկյան, համաձայնագրեր է ստորագրում, սակայն դա Ասոցացման մասին համաձայնագիր չէ»:
Ռուստամյանը նաեւ ընդգծել է, որ եթե Մաքսային միությունը Հայաստանի համար այլընտրանք չունի, ապա այս համատեքստում անհասկանալի է Ղարաբաղի հարցը. «Անհասկանալի է, թե ինչպես է Մաքսային միությանն անդամակցելն ազդելու ղարաբաղյան խնդրի լուծման, Ղարաբաղի միջազգային ճանաչման վրա: Ղարաբաղը Մաքսային միության սահմաններից դուրս չպետք է մնա»:





























