Լուրջ խնդիրներ կան եվրոպացի պաշտոնյաների համար, որոնք տարիներ շարունակ հայտարարում էին, թե Հայաստանում օրինական ընտրություններ են, մեկ քայլ առաջ են, բայց այսօր ստացան երեք մատի կոմբինացիա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

Նա նշեց, երեկ տեղի է ունեցել ԺՀԿ-ի քաղխորհրդի նիստը, ընդունել են հայտարարություն, որը տարածվել է լրատվամիջոցներով։ Նրա խոսքով՝ իրենք չեն ընդգծել, թե որն է ճիշտը՝ Մաքսային միությո՞ւնը, թե՞ Ասոցացման համաձայնագրին միանալը, բայց այն, ինչ կատարվեց, յուրաքանչյուրի համար մտահոգիչ է։ «Ինչպե՞ս կարելի է չորս տարի բանակցություններվարել Եվրամիության հետ՝ ասոցացման պայմանագրի շուրջ ու չմտածել ազգային անվտանգության մասին: Ի՞նչ է, այդ օ՞րը հիշեց։ Այն դեպքում, երբ վարչապետն էր ասում, որ մենք չունենք ընդհանուր սահման Մաքսային միության հետ, ԱԳ փոխնախարարն էլ ասում էր, որ դա ինքնիշխանության կորուստ է։ Չորս տարի պայմանագրեր են կնքում, հանկարծ մեկ օրվա մեջ ամեն ինչ փոխվում է։ Այդ կտրուկ փոփոխությունը բերեց մեր երկրի՝ երկու ուժային կառույցների բախման»,- ընդգծեց նա։

Պետրոս Մակեյանը չնշեց, թե Հայաստանի համար որն է ճիշտը՝ Մաքսային միությունը, թե ԵՄ-ի հետ ինտեգրումը, ասելով, որ ինքը ծանոթ չէ պայմանագրերին եւ չի կարող ասել։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանը կարող էր ելք գտնել, եւ հանրաքվեի գաղափարը տալ, որպեսզի հանրաքվեի միջոցով որոշեին՝ միանում են Մաքսային միությա՞նը, թե՞ ԵՄ-ի հետ ասոցացմանն են կողմ: Միեւնույն ժամանակ,

Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ցանկացած բանակցության մեջ կարեւորն արդյունքն է, պետք չէ էությունը տեղափոխել ձեւի վրա։ Նա շեշտեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ոչ միայն ստրատեգիական հարաբերություններ, այլեւ՝ հսկայական կապեր։ 

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չափազանց կարեւոր են եղել եւ լինելու են, դրան գումարվում են ազգային անվտանգության խնդիրները, որոնք երկրորդական պլան չեն կարող մղվել։ Մենք միշտ կողմնակից ենք եղել «եւ-եւ»-ի գաղափարին, «կամ-կամ»-ի դեպքում Հայաստանի համար ազգային անվտանգության խնդիրը եղել եւ լինելու է առաջնային խնդիր։  «Եւ-եւ»-ի ճանապարհները փակված չեն, պիտի ընդունենք, որ մենք անկախ պետություն ենք, ունենք մեր պետական եւ ազգային շահերը, կարող ենք վարվել այնպես, ինչպես վարվում ենք։ Միաժամանակ, պատրաստ ենք քաղաքական բոլոր հարցերի շուրջ համագործակցել Արեւմուտքի հետ»,- նշեց պատգամավորը։

Նա շեշտեց, որ Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված մեզ հետ պարտադրանքի լեզվով չեն խոսել, մեզ առաջնորդել են մեր պետության եւ ազգային անվտանգության շահերը: