Մաքսային միությանն անդամակցելով ԼՂ հակամարտության կարգավորմանը վնասելու մասին կարծիքներն անհիմն են։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։

Հարցին, թե վերջին օրերին հաճախ է նշվում, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը, կվնասի ԼՂ անվտանգությանը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Բնական է, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին պետք է տարաբնույթ մեկնաբանություններ, այդ թվում եւ քաղաքական շահարկումներ լինեին եւ դեռ էլի կլինեն: Անկախ այդ ամենից , մի բան հստակ է. Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ տնտեսական զարգացման հարցերը մեզ համար առաջնայինն ու կարեւորագույնն են: Իսկ դրանք սերտորեն շաղկապված են Արցախի անվտանգության, ԼՂ հակամարտության կարգավորման հետ:

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս է խոսել այդ մասին, մասնավորապես նշելով, որ հետևողականորեն աշխատելու ենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, իսկ ապահով հայրենիքի կարեւորագույն բաղադրիչներից մեկը արցախյան խնդրի խաղաղ կարգավորումն է:

Անդամակցությունը Մաքսային միությանը պետք է ընկալել որպես կարեւորագույն հիմնարար քայլ այդ շրջանակում: Հետեւաբար, այն կարծիքներն ու տեսակետները, թե Մաքսային միությանն անդամակցելը կվնասի ԼՂ հակամարտության կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականությանն ու ինքնիշխանությանը մեղմ ասած, անհիմն են: Այդպես մտածողները, կարծում եմ, լրջորեն տառապում են քաղաքական կարճատեսությամբ»: