ԵԽԽՎ-ի նախընտրական դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 9-ի ընտրությունների նախաշեմին հանդես է եկել Ադրբեջան ճանաչողական այցի արդյունքների վերաբերող հայտարարությամբ:
Պատվիրակության անդամները կարծում են, որ հավանաբար, կայանալիք ընտրությունները մրցակցային կլինեն: Նախագահի թեկնածուների գրանցումը դեռ ավարտված չէ, ամենայն հավանականությամբ, նրանց թիվը 10 կլինի: Միաժամանակ, գործող նախագահի «հուսալի մրցակիցների» բացակայությունը դարձել է համազգային լուրջ բանավեճերի բացակայության պատճառ: Ընդդիմության հավանական թեկնածուների քաղաքական պլատֆորմների տարբերությունը բավական անորոշ է, պայքարն ընթանում է անձերի բախման մակարդակով:
ԵԽԽՎ-ի դիտորդները հիասթափված են քարոզարշավ չանցկացնելու վերաբերյալ նախագահ Իլհամ Ալիեւի կայացրած որոշումից: Միաժամանակ, լրատվամիջոցներում նրա հաճախակի ներկայությունը, որը բացատրվում է նախագահի պարտականությունների կատարմամբ, մյուս թեկնածուներին անշահեկան դրության մեջ է դնում:
ԵԽԽՎ-ի զեկույցներում պարունակվող բազմաթիվ խորհուրդներ չեն իրագործվել: «Դա հատկապես վերաբերում է կարծիքի, հավաքների եւ կազմակերպությունների արտահայտման ազատության վերաբերյալ առաջարկներին. ինչպես նաեւ բազմակարծությանը: Ընտրական հանձնաժողովների կազմի հետ կապված՝ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները պատշաճ կերպով չեն հաշվի առնվել», - նշվում է փաստաթղթում, հաղորդում է «Թուրանը»:
7 հոգուց կազմված պատվիրակությունը Բաքվում է գտնվել 2013թ. սեպտեմբերի 10-13-ը:





























