Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի «Փոխգործակցություն-2013» զորավարժություններին, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 20-25-ին Բելառուսում, հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: 

Զորավարժությունների բացումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին, կկայանա  ԱԱՀՈՒ-ի հրամանատարության օպերատիվ հավաք:

Զորավարժություններին ներկա կգտնվեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան եւ ՀԱՊԿ միասնական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը:

Համատեղ զորավարժությունների նպատակը կառավարման մարմինների եւ զորքերի պատրաստականության կատարելագործումն է՝ Արեւելյան Եվրոպայի տարածքում ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությունն ապահովելու համար:

Կանցկացվեն  նաեւ ռուս-բելառուսական համատեղ «Արեւմուտք-2013» զորավարժություններ, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 20-26-ը:

Զորավարժությունները երեք փուլով կընթանան: Առաջին անգամ ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի «Փոխգործակցության» զորավարժություններում կիրականացվի պարաշյուտային դեսանտ՝ ինքնագնաց հրետանային սարքավորումների միջոցով: