Մոլդովան ափսոսում է մոլդովական գինիների ներմուծումն արգելող Ռուսաստանի որոշման առթիվ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մոլդովայի ԱԳ եւ եվրաինտեգրման հարցերի նախարար Նատալյա Գերմանը:
«Մենք շատ ենք ցավում, որովհետեւ Ռուսաստանի հետ հաստատված վստահության եւ փոխըմբռնման հարաբերությունները, սկզբունքորեն, թույլ են տալիս բոլոր, հատկապես տեխնիկական հարցերը, լուծել այդ հունով: Ուստի մենք պատրաստ ենք մեր ապրանքների որակի վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել բոլոր մակարդակներում»,-հայտարարել է նախարարը:
Նա ընդգծել է, որ այն գինին, որն արգելել է Ռուսաստանը, ներկայումս ազատ ընդունում է Եվրամիությունը:
Նշենք, Հայաստանն ԱՊՀ այն քիչ երկրներից է, որն ամբողջ թափով չի զգացել ռուսական «ապրանքային պատերազմների» ծանրությունը։ Մասնակի արգելք է պահպանվում կենդանի ձկան արտահանման նկատմամբ, մսային արտադրանքի արգելքը արդեն տասը տարուց ավելի գործում է՝ դաբաղի վարակից զգուշանալով (Ռոսսելխոզնադզորը չի արձագանքել հայկական ընկերությունների՝ հանրապետությունում մոնիտորինգ անցկացնելու մասին խնդրաքին)։ Եվ եթե ձկան արտահանումը նկատելի առաջընթաց է խոստանում, ապա մսամթերքի մասով արտահանումը չափազանց քիչ է։ Բայց Հայաստանի արտահանման համար անգամ ձուկն այնքան էական չէ, որքան գինին Վրաստանի եւ կոնֆետներն ու մսա-կաթնային մթերքները Ուկրաինայի համար (վերջինը՝ նաեւ Բելառուսի) կամ էլ մանրաձուկը՝ Լատվիայի։ Այս բոլոր ապրանքները, որոնք այս կամ այն չափով կախում ունեին ռուսական շուկայից, պատժամիջոցների տակ էին ընկնում, որոնք հաճախ համընկնում էին արտաքին քաղաքականությանը։ Ինչպես նույն Մոլդովայի դեպքում։ Նախորդ բեռնարգելքը հայտարարվել էր այն բանից հետո, երբ Քիշնեւը հունիսի 28-ը խորհրդային օկուպացման օր էր հայտարարել։
Այն հարցին, թե նոր արգելքը Մոսկվայի կողմից նախազգուշացման փորձ է Քիշնեւին ԵՄ հետ ազատ առեւտրի խորը ու համակարգային համաձայնության կնքման անցանկալիության մասին, Ն. Գերմանը հայտարարել է, որ մոլդովացի հասարակությունը արգելքը ընդունում է հենց որպես քաղաքական:
«Այդ ամենը հատկապես մեր հասարակության կողմից հենց այդպես է ընկալվում: Այդ մասին հիմա Մոլդովայում գրեթե բոլորն են խոսում: Սակայն կառավարական մակարդակում մենք փորձում ենք բացահայտել խնդրի տեխնիկական կողմերը: Պետք է հասկանալ, թե որոնք են մեր դեմ ուղղված կոնկրետ բողոքները, քանի որ առայժմ մենք այդ մասին գրավոր տեսքով որեւէ բան չենք տեսել: Սակայն մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ, եւ կարծում եմ, որ այդ ռեսուրսն արդեն սպառվել է: Մյուս շաբաթ Մոսկվա կմեկնի գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը»,- հայտարարել է ն. Գերմանը:
Հավելենք, որ Հայաստանը ռուսական շուկայի համար կոնյակն ու միրգը դեռ խնայում է: Հնարավոր է, «ժամանակին» ԵՄ հետ ազատ առեւտրի մասին նույն համաձայնությունից հրաժարվելուց հետո:





























