Եգիպտոսի իշխանությունները խստացրել են Սուեզի ջրանցքի գոտու անվտանգության կանոնները: Ինչպես հաղորդում է արբանյակային Ալ-Հայաթ հեռուստաալիքը, ջրանցքի երկնքում մշտապես հերթապահում են ռազմաօդային ուժերի ինքնաթիռները:
Միաժամանակ Սինայի թերակզում 10 օր է, ինչ շարունակվում է հակաահաբեկչական զանգվածային գործողությունը: Եգիպտական լրատվամիջոցների համաձայն, զինծառայողներին հաջողվել է ոչնչացնել զինված խմբավորումների ռազմական տեխնիկայի 75 տոկոսը: Ձերբակալել են զինված ծայրահեղականների առաջնորդների մեծամասնությանը, որոնք կենտրոնական իշխանության դեմ խռովություն էին բարձրացրել: Շեյխ-Զուվեյդ քաղաքից հարավ գտնվող Աբուլ-Հայաթ, Մուքաթա, Զումեյա եւ Էլ-Միլյահիս բնակավայրերում տեղակայված ահաբեկչական խմբավորումների բազաները չեզոքացվել են: Այդ շրջանները նախկինում եգիպտական ռազմաօդային ուժերի կողմից հարձակումների էին ենթարկվել:
Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սալահ-էդ-Դին վայրում, Գազայի հատվածի հետ սահմանից 120 մետր հեռավորության վրա պայթեցվել է թունել, որը վարձու զինյալների կողմից օգտագործվում էր Սինա սպառազինություններ տեղափոխելու համար: Ականատեսների տվյալներով, այդ գետնանցումը տեխնիկապես հագեցած էր, այդ թվում ռելսեր ու վերամբարձիչներ, եւ եգիպտական սահմանպահների կողմից մինչ այդ հայտնաբերված թունելներից ամենախոշորն է:





























