ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներից կազմված միջազգային դիտորդական առաքելությունը համարել է, որ Մոլդովայում երեկ տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական են եղել: ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի խոսքով, Մոլդովայի իշխանությունները, կարողացան ապահովել քաղաքացիների ազատ կամարտահայտությունը, իսկ ընտրությունները անցան քաղաքական բազմակարծության մթնոլորտում:

Արժե ընդգծել, որ այդ դրական գնահատականը Մոլդովայի իշխանությունների համար մեկ կաթիլ մեղր է ձթի տակառում: Բանն այն է, որ ընտրությունների արդյունքներով, իշխող կոմունիստական կուսակցությունը հավաքել է 45 տոկոս ձայն, ինչը թույլ չի տալիս նրանց մեծամասնություն ապահովել խորհրդարանում, իսկ դա անհրաժեշտ է սեփական թեկնածուին նախագահի պաշտոնում ընտրելու համար: Խորհրդարանի մանդատների մեծամասնությունը կստանան ընդդիմադիր կուսակցությունները, արդյունքում հավաքելով 51 տոկոս:

Հիշեցնենք, որ քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկի արդյունքում, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքել է 16,34 տոկոս (17 տեղ), Լիբերալ կուսակցությունը` 14,4 տոկոս (15 տեղ), Դեմոկրատական կուսակցությունը` 12,6 տոկոս (13 տեղ) եւ «Մեր Մոլդովան» կուսակցական դաշինքը` 7,4 տոկոս (8 տեղ): Միաժամանակ, ընդդիմադիր 4 կուսակցությունների ղեկավարները արդեն սկսել են լայն կոալիցիա ստեղծելու աշխատանքները, որը թույլ կտա Մոլդովային նվազեցնել կախվածությունը Մոսկվայից ու ավելի սերտորեն մերձենալ Եվրամիությանը: