Ընդամենը 10-15 տարի առաջ էթնիկ զտումների արդյունքում Ադրբեջանից Հայաստան փախավ շուրջ 400 հազար մարդ: Այն դեպքում, երբ Հայաստանի բուն բնակչությունը կազմում էր ընդամենը մոտ 3 մլն. մարդ։ Բացի այդ ադրբեջանական իշխանությունների կողմից հալածվող ևս 100 հազար հայեր 1988-1992 թվականների ընթացքում ցրվերին աշխարհով մեկ։Մինչդեռ, Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիայի հարցերով գործակալության պետ Գագիկ Եգանյանը նշում է, թե «Հայաստանում չկան փախստականներ»։

Նույն տեղեկությունն էլ նա հայտնել էր նաև միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերով ԵԽԽՎ զեկուցող Ջոն Գրինվեյնին։ Գրինվեյնը, իր հերթին, անմիջապես այս տվյալներն ընդգրկեց «Եվրոպայի մոռացված մարդիկ. երկարատև տեղահանումների ենթարկված մարդկանց պաշտպանությունը» խորագրով իր զեկույցում, և ներկայացրեց այն ԵԽԽՎ ամառային նստաշրջանում։ Ըստ այդ զեկույցի, ստացվում է, որ հայերը տեղահանվել են իրենց մշտական բնակության վայրերից միայն 1988 թվականի երկրաշարժի (շուրջ 100 հազար մարդ ), Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գոտու գնդակոծման (70 հազար) և բնական աղետների (20 hազար) հետևանքներով։Վերոհիշյալ հաշվետվությունում հիշատակվում են նաեւ ադրբեջանական փախստականները։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, Գրինվեյնին է փոխանցել երկրում մեծ թվով փախստականների առկայության մասին զեկույցը։Ուշադրության է արժանի այն փաստը, որ Գրինվեյնը իր զեկույցում դատողություններ է անում այն մասին, թե փախստականները պետք է վերադառնան իրենց բնակության նախկին վայրերը։ Բնական է, որ խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի մասին, նա՝ նկատի ունենալով փախստականների մասին Ադրբեջանի ներկայացրած տվյալները, հաշվարկներ է անում այն մասին, թե ինչպես պետք է ադրբեջանցիները վերադառնան և հիմնավորվեն Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում։ Իսկ հայ փախստականների դեպքում (0,5 մլն. մարդ), որոնք նրա զեկույցում նույնիսկ չեն արժանացել փախստական բառին, Գրինվեյնը՝ հիմնվելով Հայաստանի իշխանությունների հայտարարությունների վրա, խոսում է հայկական հասարակությունում նրանց ինտենսիվ ինտեգրման մասին։