Երեւանում եւ բոլոր մարզերում 1000 մարդկանց շրջանակներում արված հարցման արդյունքում  պարզվել է, որ հարցվածների 86 տոկոսը բարեհաճ վերաբերմունք ունի Մաքսային միությանը անդամակցելու իշխանությունների որոշման նկատմամբ: Այս մասին նոյեմբերի ութին «Հայաստանն ու Մաքսային միությունը. Եվրասիական ինտեգրման հասարակական չափում» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է «Ինտեգրում եւ զարգացում» ՀԿ տնօրեն Արամ Սաֆարյանը:

Սակայն միայն տաս տոկոսը գիտի, թե ինչ է Մաքսային միությունը, մինչդեռ գրեթե ճնշող մեծամասնությունը վստահում է Մաքսային միությանը: Ռուսաստանի հանդեպ վստահությունը, որպես Մաքսայն միության շարժման լոկոմոտիվի, շատ մեծ է: Մաքսային միության հանդեպ առանձնակի դրական վերաբերմունք ունեն հատկապես վաթսուն տարեկանն անց մարդիկ, դրական են վերաբերում նաեւ միջին տարիքի անձինք:

Մինչդեռ երիտասարդությունը գերադասում է Եվրոպան: 82 տոկոսը Ռուսաստանին համարում է Հայաստանի բարեկամ, սակայն Սաֆայանի խոսքով՝ եթե այս պահին չօգտվել բնակչության բարեհաճությունից եւ բնակչությանը չտեղեկացնել տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների մասին, ապա այդ դրական վերաբերմունքը կարող է անհետանալ: