ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը կարեւոր քայլ է համարում  Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերումը: Այս մասին նա հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում: 

Ըստ նրա՝ ԵԱՀԿ պատասխանատվության ներքո գտնվող «սառեցված» հակամարտությունների կարգավորման գործընթացում դրական փոփոխություններ են տեղի ունենում: «Մենք քննարկումներ ենք անցկացնում ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ: Ներկայումս մենք աշխատում ենք, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի ունենա: Հուսով եմ, որ այն կկայանա մինչեւ տարեվերջ», - ասել է նա:

«ԵԱՀԿ խնդիրն է կողմերի՝ քաղաքական կարգավորման ուղով ընթանալու եւ այլընտրանքներ չդիտարկելու մտադրությանը սատարելը », - ընդգծել է Զանիերը:

Ըստ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի՝ դրական տեղաշարժ է նկատվում  նաեւ Մերձդնեստրի հակամարտության կարգավորման հարցում: «Վերջերս տեղի է ունեցել Մոլդովայի եւ Մերձդնեստրի առաջնորդների հանդիպումը Գերմանիայում: Մենք դրական փոփոխություններ ենք նկատում, որոնք արտահայտվել են Դնեստրի վրայով կամուրջ գցելու եւ այդ գետի ջուրն օգտագործելու տեսքով», - նշել է նա: