«Արզնի» հանքային ջրերի գործարանը փակել է շփման բոլոր ուղիները, անջատված են ընկերության Երեւանի գրասենյակի բոլոր հեռախոսները, չի գործում ընկերության կայքը: Ու թեեւ «Արզնի» հանքային ջուրը արդեն ավելի քան մեկ ամիս է արտադրանք չի տալիս խանութներին, այդ առնչությամբ այդպես էլ որեւէ պարզաբանում ստանալ չհաջողվեց:

Հայաստանի առողջապահության նախարարության կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտից NEWS.am-ին հայտնեցին, որ ներկայումս Արզնիում ստուգվում է հանքային աղբյուրների վիճակը: Աղբյուրները գտնվում են նորմալ վիճակում, դրանք կնքված չեն, ջրի մի մասը հասնում է «Արզնի» առողջարանում:

Նշենք, որ «Արզնիի հանքային ջրերի գործարան» ընկերության եւ «Սթար» սուպերմարկետների ցանցի սեփականատերը նույնն է՝ գործարար Գեւորգ Աֆանդյանը: Սուպերմարկետների ցանցը շարունակում է ֆինանսական դժվարություններ ունենալ եւ պարտքեր ունի մատակարարներին: Ցանցի խանութների մեծ մասը փակ է: