Հայաստանի խորհրդարանը կարող է առաջիկա քառօրյային քննարկել տաքսիների մասին օրինագծերը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Նշենք, որ այսօր Բեգլարյանն ընդունել է մի խումբ տաքսիստների՝ «ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Նշենք, որ տարվա սկզբից Տրանսպորտի եւ կապի նախարարության տեսչությունը ՃՈ-ի հետ համատեղ շրջայցեր չի իրականացնում անօրինական տաքսիների բացահայտման համար: Նախարարի խոսքով՝ ստուգումները դադարեցվել են մինչեւ տաքսիների մասին օրենսդրական նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելը:
«Մեկ տարի առաջ մենք լսեցինք բոլոր բողոքները սպիտակ եւ դեղին համարանիշների վերաբերյալ: Դեղին համարանիշներով տաքսիների տերերը պահանջում էին, որ անօրինական տաքսի վարողները եւս դեղին համարանիշներ հանեն, նրանք էլ պնդում էին, որ ընդհանարապես պետք է վերացնել դեղին համարանիշները, որպեսզի դրանց համար ոչ ոք չվճարի: Տաքսիստների շահերը բաժանվել էին, եւ որպեսզի նրանց լրացուցիչ իրար դեմ չհանենք, որոշեցինք դադարեցնել ստուգումները, մինչեւ նոր օրենքի ուժի մեջ մտնելը»,-ասել է նախարարը:
Նոր օրինագծի համաձայն՝, որը կքննարկվի ԱԺ-ում, Երեւանում տաքսիստների տուրքը կկազմի 120 հազար դրամ, այլ քաղաքներում՝ 80 հազար դրամ, գյուղերում՝ 45 հազար դրամ, սահմանամերձ գյուղերում՝ 30 հազար դրամ:





























