Հայաստանը Մաքսային միություն դատարկ ձեռքով չի գնում: Այս մասին Գյումրիում հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մենք վստահ ենք, որ կարող ենք թարմ հոսանք եւ նոր գաղափարներ մտցնել Միության կյանքում: Մեր երկիրը տրանսպորտային շրջափակման պայմաններում է, եւ, չունենալով  բնական հարուստ պաշարներ,   չունի նաեւ կայուն տնտեսական աճով բաց տնտեսության մոդել ստեղծելու հնարավորություն», – ասել է վարչապետը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին հանրապետությունը կարողացել է բարեփոխել մի շարք պետական կառույցներ, ինչպես նաեւ բարենպաստ պայմաններ ստեղծել գործարարների եւ ներդրողների համար: «Համաշխարհային բանկի Doing Business ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը ԱՊՀ երկրների շարքում, իսկ աշխարհի 188 երկրների շարքում`  37-րդ տեղը: Համեմատական առավելությունների շարքին, որոնց օգտագործումը կարող է փոխշահավետ լինել եւ Հայաստանի, եւ ՄՄ-ի երկրների համար, կարելի է դասել նաեւ  Մերձավորարեւելյան տարածաշրջանի երկրների հետ աշխարհաքաղաքական  հարեւանությունը եւ բարեկամական հարաբերությունները: Բացի դրանից, դա նաեւ բարենպաստ տնտեսական ռեժիմն է եվրոպական երկրների հետ: Հայաստանն ունի GSP+ ռեժիմը ԵՄ-ի հետ, որը օգնում է մեր շատ ընկերություններին, այդ թվում նաեւ` Հայաստանում գործող ռուսական ընկերություններին, վաճառել իրենց ապրանքները ԵՄ-ի տարածքում առանց մաքսատուրքերի», – հայտարարել է վարչապետը:

Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ վերջերս ԵՄ-ի դատարանը բավարարել էր «Ռուսալ» ԲԲԸ ընկերության միջնորդությունը եւ  չեղյալ հայտարարել  հակագնագցման (հակադեմփինգային) պարտականությունները Հայաստանում դրա դուստր ձեռնարկության` «Արմենալ» ՓԲԸ-ի համար: «Իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք արտադրանքը վաճառել առանց սահմանափակումների` կիրառելով  GSP+ ռեժիմը: Եվ Հայաստանում ռուսական կապիտալով գործող 1450 ձեռնարկություններ կարող են օգտվել հենց այդ արտոնյալ ռեժիմից: Մենք կարծում ենք, որ    դա բարձրացնում է նաեւ Հայաստանի ներդրումային  գրավչությունը: Եթե դրան հավելենք ազատ տնտեսական գոտին, ստեղծված  «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի եւ Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ռուսաստանցի գործընկերների հետ համատեղ բազայում, ապա կարելի է եզրակացնել, որ  ռուսական ներդրողները կարող են  այդ գոտում ներդրումներ կատարել եւ օգտվել հարկային արտոնություններից», – հավելել է Սարգսյանը: