Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում (ֆոտոռեպորտաժ):

Ելույթը ներկայացնում ենք ամոբղջությամբ.

«Ես անկեղծորեն ուրախ եմ ողջունելու Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին, ով Հայաստան է ժամանել պետական այցով: Համաժողովի աշխատանքներին ռուսական կողմից մասնակցում են կառավարության նախագահի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, 7 դաշնային նախարարներ, 7 նահանգապետներ, «Ռոսատոմի», «Ռոսնեֆտի», «Գազպրոմի», «Վնեշտորբանկի», ռուսական մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների ղեկավարներ: Այստեղ ներկա են Ռուսաստանի 20 տարածաշրջանների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գիտական եւ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ: Մասնակիցների այս ներկայացուցչական կազմը վկայում է լուրջ եւ հետեւողական աշխատանքի անցնելու մեծ հետաքրքրության եւ տրամադրվածության մասին: Ուրախ ենք ձեզ տեսնել: Բարի գալուստ:

Այսօր Գյումրին, որը միշտ եղել է մեր ժողովուրդների եւ երկրների պատմությունների միահյուսման մարմնացումը, իրոք դարձավ հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշը: Դեռեւս հեռավոր 1829 թվականին Կովկաս ճանապարհորդության ժամանակ մեծ պոետ Ալեքսանդր Պուշկինը բիբլիական Արարատի ճանապարհին կանգ է առել Գյումրիում: 1837թ. այստեղ հիմնվել է ռուսական ամրոց, եւ քաղաք է այցելել կայսր Նիկոլայ Առաջինը: Քաղաքը վերանվանվել է Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ նրա տիկնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովի: Այստեղ տեղակայված է եղել Ռուսաստանի զինված ուժերի երկու ամենավաստակավոր գնդերից մեկը՝ Հյուսիսային դրագունյան 18-րդ գունդը, որտեղ իրենց ծառայությունն են անցկացրել Խորհրդային Միության ապագա մարշալ Սեմյոն Միխայիլի Բուդյոննին եւ իրավամբ ազգային երթի՝ «Սլավոնուհու հրաժեշտի» հեղինակը՝ Վասիլի Ագապինը: Գունդ, որն առանձնացել է շատ ճակատագրական մարտերում եւ պարգեւատրվել Ռուսաստանի մի շարք բարձրագույն պարգեւանշաններով, հիրավի, կարելի է համարել ակունքը մարտական եղբայրության ավանդույթների, որոնք շարունակում է 102-րդ ռուսական ռազմակայանը, որտեղ մենք այսօր պատրաստվում ենք այցելել: Այստեղ՝ Գյումրիում է գտնվում «Պատվո բլուրը»՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուսական բանակի սպաների պանթեոնը:

Այս օրերին Գյումրիում համաժողովի անցկացումն առանձնահատուկ նշանակություն ունի եւս մեկ հանգամանքի պատճառով: 25 տարի առաջ ավերիչ երկրաշարժը հսկայական վնաս է հասցրել այս քաղաքին: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, հարյուր հազարավորները մնացել էին առանց տանիքի: Ոչնչացվել էր քաղաքային ամբողջ ենթակառուցվածքը, եւ կաթվածահար էր եղել արտադրությունը: Մենք շնորհակալ ենք բարյացակամ բոլոր մարդկանց, աշխարհի բոլոր երկրներին, Խորհրդային Միության ժողովուրդներին եւ, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանին՝ աղետի գոտու եւ Գյումրի քաղաքի վերականգնման գործում նրա անգնահատելի ներդրման համար: Այդ օգնության իսկական խորհրդանիշը, մարմնավորումը դարձավ այսօր Գյումրիում ներկա Նիկոլայ Իվանի Ռիժկովը: Վլադիմի՛ր Վլադիմիրի, բայց որպես բարեխիղճ մարդ, նա արդեն երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակողոթի մոտ է եւ սպասում է մեզ: Նա ղեկավարում է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովը, իսկ այն օրերին ԽՍՀՄ կառավարության նախագահն էր: Նիկոլայ Ռիժկովը գիտի, որ գյումրեցիներն իրավամբ նրան համարում են յուրային: Այստեղ ոչ ոք չի մոռանում, թե որքան անձնվիրաբար նա ստանձնեց որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը, իսկ հետո նաեւ՝ վերականգնողական աշխատանքներն ամենածանր օրերին՝ անմիջապես այդ սարսափելի աղետից հետո: Նա, իրավամբ, համարվում է պատվավոր գյումրեցի եւ միակն է, ով, չլինելով հայ, կրում է Հայաստանի ազգային հերոսի բարձր կոչումը:

Հարգելի՛ գործընկերներ,

Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Մշտապես պահանջվում են նոր մոտեցումներ, որոնք ավելի հեշտ է գտնել միասին՝ ինտեգրացիոն միավորումների եւ գործընթացների շրջանակներում: Հենց դրանով է պայմանավորված Մաքսային միություն եւ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Միասնական տնտեսական տարածք մտնելու Հայաստանի որոշումը: Այդ թեմային է նվիրված նաեւ այսօրվա համաժողովը:

Անցել է ընդամենը երեք ամիս Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին հայտարարության պահից, սակայն արդեն կատարված է հսկայական աշխատանք: Ընդունված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումը: Ստորագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ հուշագիր: Ստեղծված են քսաներկու աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանում անհրաժեշտ միջոցառումների եւ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ: Ընդ որում, այսօր արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարեւոր արտոնությունների եւ առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են Մաքսային միության երկրների միջեւ փոխհարաբերություններում: Ցանկանում եմ դրա համար հատուկ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին: Վլադիմիր Վլադիմիրի, դա իսկական գործընկերոջ եւ բարեկամի քայլ է: Այն կարեւոր նշանակություն ունի հայկական տնտեսության կենսունակությանն աջակցության համար: Շնորհակալություն Ձեզ:

Նոր մակարդակի հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը կոչված է լրացնելու մեր երկրների միջեւ քաղաքական երկխոսության եւ ռազմավարական գործընկերության առկա մակարդակը, մեծ ներուժ է պարունակում եւ՛ Հայաստանի, եւ՛ Ռուսաստանի համար: Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել բիզնես-վարչարարության ոլորտում բարեփոխումների հարցում: Բիզնեսի գրանցման դյուրինությամբ մեր երկիրը գրավում է 6-րդ տեղն աշխարհում: Տնտեսական ազատությունների եւ գործարար միջավայրի վարկանիշներով մենք առաջ ենք ԱՊՀ բոլոր երկրներից: Հայաստանը մեծ ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ոսկերչական իրերի արտադրության եւ զբոսաշրջության ոլորտներում: Հայաստանի կողմից ընդունված «բաց երկնքի» քաղաքականությունը լայն հնարավորություններ է բացում օդային հաղորդակցության աշխարհագրության ընդլայնման համար, այդ թվում՝ Ռուսաստանի տարածաշրջանների հետ: Ընդ որում, այսօր արդեն Երեւանի եւ Մոսկվայի միջեւ գործում է 12 ավիաչվերթ մեկ օրում, չվերթներ են իրականացվում Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի եւ Գյումրիի միջեւ, իսկ ամբողջ Հայաստանը եւ Ռուսաստանի 19 քաղաքները միավորում է շաբաթական 130 չվերթ: Եվ այս թվերը, անշուշտ, աճման միտում ունեն:

Հայաստանն ամենահարմար եւ կարճ ճանապարհն է Իրանի եւ Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար: Մենք ընդունել ենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը Հայաստանը դարձնում է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում՝ արտահանմանն ուղղված:

Հայաստանում գործում է ռուսական կապիտալով մոտ 1300 ձեռնարկություն՝ դա օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ հանրապետության ամբողջ տնտեսվարող սուբյեկտների ավելի քան մեկ քառորդն է: Արդյունավետորեն են աշխատում ռուսական այնպիսի առաջատար ձեռնարկություններ, ինչպիսիք են «Գազպրոմը», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, ՎՏԲ բանկը, «Ռոստելեկոմը», «Ռուսական երկաթուղիներ», «Ռուսական ալյումինին», «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական կորպորացիան, «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը, «ՄՏՍ-ը»: Արդեն այս այցի հարթակներում համաձայնագիր կստորագրվի ռուսաստանյան նավթային ոլորտում առաջատար «Ռոսնեֆտ» ընկերության հայկական շուկա մուտքի մասին:

Ռուսաստանը Հայաստանի առեւտրային գլխավոր գործընկերն է: 2012թ. առեւտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 300 մլն դոլար, ինչը նշանակում է 20 տոկոսանոց աճ՝ 2011թ. համեմատ: Այս տարվա 9 ամիսների ընթացքում մենք հասել ենք միլիարդի սահմանին, ընդ որում Հայաստանից արտահանման մասով աճը կազմել է 24 տոկոս:

Վստահ եմ, որ առեւտրատնտեսական կապերի առաջմղմանը կնպաստի նաեւ մեր կառավարությունների կողմից հաստատված «Մինչեւ 2020 թվականը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ երկարատեւ տնտեսական համագործակցության ծրագիրը»:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Հայ-ռուսական երկկողմ ընդգրկուն օրակարգում միջտարածաշրջանային համագործակցությունը հատուկ տեղ է զբաղեցնում: Ռուսաստանյան յուրաքանչյուր տարածաշրջանի տնտեսական ներուժը, տարածքը եւ բնակչությունը համադրելի է մի ամբողջ պետության տնտեսության հետ: Ես ուրախ եմ, որ համաժողովի աշխատանքները չեն սահմանափակվում լիագումար նիստերով: Երեկ Ռուսաստանի պատվիրակություններն այցելել են Հայաստանի բոլոր մարզերը, վաղն աշխատանքը կշարունակվի սեկցիաներում եւ մարզերի ու խոշոր ձեռնարկությունների ցուցահանդեսի ձեւաչափով: Հուսով եմ, որ կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերվեն, իսկ ձեր կապերը կսկսեն կրել պարբերական բնույթ: Մեր մարզպետները (նահանգապետները) պետք է պարբերաբար այցելեն գործընկեր-մարզեր (նահանգներ), փնտրեն մեր տնտեսությունների փոխմիահյուսման, գործընկերության զարգացման գործուն մեխանիզմներ: Մենք պետք է մշակենք եւ հաստատենք համագործակցության արդյունավետության բարձրացման նոր եւ կոնկրետ միջոցներ:

Իսկ մենք միջպետական մակարդակում կշարունակենք ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները միջտարածաշրջանային համագործակցության արդյունավետության բարձրացման համար. շարունակել համատեղ ջանքերը՝ նպատակաուղղված ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ներառյալ՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, հանել բյուրոկրատական արգելքները եւ սահմանափակող միջոցները, լայն տեղեկատվական աջակցություն ցուցաբերել զանգվածային լրատվամիջոցներում: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ԶԼՄ-երի հետ աշխատանքին, այդ թվում նաեւ՝ մարզային լրատվամիջոցների: Արդեն երեք տարի անընդմեջ անցկացվում է «Արարատի ստորոտին» հայ-ռուսական մեդիաֆորումը: Համարում եմ, որ այդ նախաձեռնությունը պետք է սատարել պետական մակարդակով եւ ապահովել ռուսաստանյան ԶԼՄ-երի ներկայացուցիչների պարբերական այցերը Հայաստան, հայկական ԶԼՄ-երի՝ Ռուսաստան, ներառյալ՝ մարզերի այցելությունները: Հայաստանում լիարժեքորեն հեռարձակվում են ռուսական երեք ալիքներ՝ «ՕՌՏ», «Ռոսիա-ՌՏՌ», «Կուլտուրա», ինչպես նաեւ Համագործակցության ռուսալեզու ալիքը՝ «ՄԻՐ»: Լույս են տեսնում ռուսալեզու թերթեր «Նովոյե վրեմյան», «Գոլոս Արմենիին» եւ այլք:

Անհրաժեշտ է ընդլայնել Հայաստանի Հանրապետության շրջանների հետ անմիջականորեն համագործակցող Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների աշխարհագրությունը: Այսօր դրանք հաշվվում են շուրջ 70, եւ մենք անկեղծորեն հետաքրքրված ենք, որպեսզի դրանք ավելանան, որպեսզի աճեն տարածաշրջանային բնույթի համատեղ ձեռնարկությունների թիվը: Այս հիմքի վրա մենք կարող ենք ավելի լիարժեքորեն իրացնել մեր տարածաշրջանների ներուժը, բարձրացնել մեր բնակիչների բարեկեցությունը: Վլադիմիր Վլադիմիրի, առաջարկում եմ մեր աշխատակազմերին հանձնարարել մշակել ղեկավարների համատեղ կրթության եւ որակավորման բարձրացման ծրագրեր՝ մեր ակադեմիայի եւ Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի հիմքի վրա: Ես կարծում եմ, որ դա կօգնի մեր ընդհանուր գործին:

Իհարկե, մեր միջտարածաշրջանային համագործակցությունը չի սահմանափակվում տնտեսությամբ, այն ընդգրկում է ամենատարբեր ոլորտներ: Բառացիորեն մի քանի օր առաջ Գյումրին հանձնեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի էստաֆետան: Մի ամբողջ տարի քաղաքը լի էր վառ իրադարձություններով՝ Համագործակցության երկրների մշակույթի բազմաթիվ գործիչների մասնակցությամբ: Փակման արարողությանը մասնակցել է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ: Հոկտեմբերին Երեւանում անցկացվել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների արդեն ավանդական դարձած համաժողովը: Հայ հանդիսատեսը դիտեց նշանավոր պարուսույց Բորիս Էյֆմանի բեմադրությունն ըստ Դոստոյեւսկիի «Կարամազով եղբյարներ» վեպի: Մեր թատրոնների հաճախակի հյուրերն են ռուսաստանյան թատերախմբերը, մշակույթի այնպիսի մեծ գործիչներ եւ սիրելի դերասաններ, ինչպիսիք են Յուրի Բաշմետը եւ Վալերի Գերգիեւը, Լեւոն Օգանեզովը եւ Եվգենի Պետրոսյանը, Դմիտրի Խարատյանը եւ Արմեն Ջիգարխանյանը, Եվգենի Կիսինը եւ Դենիս Մացուեւը:

Այս համագործակցության ուղեծրում ներգրավված են երիտասարդական եւ հասարակական կառույցներ, կրթական եւ գիտական կենտրոններ: Ես ուրախ եմ, որ արդեն համաձայնեցված են Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու որոշակի ժամկետներն ու պայմանները: Մոտ 2500 ուսանող սովորում է հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: Կարծում եմ՝ նպատակահարմար կլիներ կազմակերպել հայերեն լեզվի ուսուցում Ռուսաստանի այն թաղամասերի դպրոցներում, որտեղ առավել կենտրոնացված ապրում են հայկական համայնքներ:

Պետրոս Առաջինի ժամանակներից հայերն ավանդաբար փնտրել են առեւտրի զարգացման, իրենց բիզնեսի առաջմղման հնարավորություններ Ռուսաստանում: Ե՛վ իրենց աշխատանքով, եւ՛ ջանքերով նրանք ներդրում են կատարել Ռուսական պետության ամրապնդման գործում: Զորապետից մինչեւ պետական գործիչ, նկարչից եւ երգահանից մինչեւ արդյունաբերող եւ ձեռնարկատեր, ռուսաստանցի հայերը եղել եւ մնում են Ռուսաստանի արժանի քաղաքացիներ եւ իրենց ժողովրդի հավատարիմ որդիներ: Չնայած փոքրաքանակությանը, Հայաստանի ռուսական համայնքը կարեւոր դեր է խաղացել եւ խաղում մեր երկրի կյանքում ամենատարբեր ոլորտներում: Շատ դեպքերում նաեւ ի շնորհիվ սփյուռքի այդ ջանքերի, մեր երկրների միջեւ կապերը կրում են այդքան հագեցած, պարբերական եւ ընդգրկուն բնույթ:

Բայց այդ ուղղությամբ եւս մենք դեռեւս շատ բան պետք է անենք: Անթույլատրելի է, որպեսզի, մեր հասարակությունների նույնիսկ ամենաաննշան մասի մոտ ծագի կասկածանքի զգացումներ, այլատյացության կամ ծայահեղականության դրսեւորումներ: Մենք երկու ժողովուրդներ ենք, ովքեր մեջք-մեջքի հաղթել են Հայրենական Մեծ պատերազմում, պարտավոր ենք հայտարարել ֆաշիզիմի ցանկացած դրսեւորման նկատմամբ զրոյական հանդուրժողականության մասին: Դա հակասում է մեր հասարակությունների եւ՛ ոգուն, եւ՛ արժեհամակարգին, դա հակասում է Մեծ Հաղթանակի փառքին եւ ժառանգությանը:

Մեր երկրների քաղաքացիների նոր սերնդին սպասվում է հայ-ռուսական փոխգործակցությունը շարունակելը, այն նոր նախաձեռնություններով զարգացնելը: Մեր ժողովուրդները, հատկապես՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, պետք է շատ ավելին իմանան միմյանց մասին: Մենք պետք է համատեղ ջանքերով տեղերում ավելի լայն խոսենք մեր ժողովուրդների բարեկամության եւ եղբայրության մասին, ներառյալ՝ ուսումնական հաստատությունները՝ անցկացնելով պարբերական ուսանողական եւ երիտասարդական փոխանակումներ ու հանդիպումներ:

Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ արգասաբեր աշխատանք: Վստահ եմ, որ համաժողովի ընթացքում մշակված գաղափարներն ու առաջարկությունները կնպաստեն գործնական եւ հումանիտար հեռանկարային նախագծերի իրականացմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը: