NEWS.am-ը մեջբերում է հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նիստում Վլադիմիր Պուտինի ելույթը:
«Հարգելի գործընկերներ, ընկերներ: Հարգելի Սերժ Ազատի.
Ես իսկապես ուրախ եմ ձեզ բոլորիդ ողջունել ռուս-հայկական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի նիստում:
Գյումրի քաղաքը, որը 25 տարի առաջ ահավոր երկրաշարժ է տեսել, ինչի մասին քիչ առաջ հիշատակեց նախագահը, փոխադարձ աջակցության, սերտ կապերի խորհրդանիշ է դարձել, որոնք հարազատացնում են Ռուսաստանը եւ Հայաստանը: Վստահության եւ բարեկամության ավանդույթներ, եւ այսօր պայմանավորում են երկկողմ հարաբերությունների դաշնակցային, գործընկերային բնույթը:
Ռուսաստանը Հայաստանի առեւտրատնտեսական առաջատար գործընկերն է: 2012թ. ապրանքաշրջանառությունը, մեր տվյալներով, ավելացել է ավելի քան 20 տոկոսով՝ գերազանցելով 1,2 մլրդ դոլարը: Ռուսական ներդրումների ծավալը 3 մլրդ դոլարից ավելի է, որը Հայաստանում արտասահմանյան ներդրումների 40 տոկոսից ավելի է:
Համատեղ իրագործվում են խոշոր ենթակառույցային եւ էներգետիկ նախագծեր: Հենց նոր մենք Սերժ Ազատովիչի հետ ներկա էինք Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ Էներգաբլոկի բացմանը: Ի դեպ, այստեղ էլ ռուսական կողմի ներդրումները 300 մլն դոլարից ավելի են: Հեռանկարային այլ նախագծերի թվում «Սեւան-Հրազդան» ՀԷԿ համալիրի հզորությունների աճն է, Հայաստանի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումը, Հայաստանի երկաթուղային ցանցի արդիականացումը:
Առեւտրատնտեսական կապերի ամրացման կարեւոր գործոններից է միջտարածաշրջանային համագործակցությունը: Դրանում արդեն ներգրավված են Հայաստանի բոլոր մարզերը եւ ՌԴ 70 սուբյեկտներ: Հայաստանցի գործընկերների հետ առավել ակտիվ շփումներ ունեն Մոսկվան եւ Սանկտ Պետերբուրգը, Ռոստովի, Սվերդլովի, Ուլյանովի մարզերը, Կրասնոյարսկի, Ստավրոպոլի երկրամասերը:
Ստորագրվել է շուրջ միջտարածաշրջանային 30 համաձայնագիր՝ առեւտրատնտեսական համագործակցության, գիտական եւ կրթական փոխգործակցության մասին: Դինամիկ զարգանում են կրթության ոլորտում կապերը: Իմ գործընկերը հենց նոր խոսում էր այդ մասին: Կազանի Էներգետիկական համալսարանը համագործակցում է Հայաստանի ճարտարագիտական համալսարանի հետ, Կալինինգրադում գործում է Հայկական մշակույթի կենտրոն, Պյատիգորսկում՝ Հայոց լեզվի կենտրոն:
Ավանդական սերտ բնույթ է կրում մայրաքաղաքների համագործակցությունը: 2012թ. Մոսկվայի եւ հայաստանյան գործընկերների միջեւ ապրանքաշրջանառությունն ավելացել է 21 տոկոսով՝ հասնելով 270 մլն դոլարի: Ընդունվել է ծրագիր, որը մայրաքաղաքների միջեւ կոմունալ-կենցաղային, տրանսպորտի եւ բժշկության բնագավառներում փորձի փոխանակում է նախատեսում: Նոյեմբերի վերջին Մոսկվայում հաջողությամբ անցկացվեցին Երեւանի օրերը: Իր հերթին Հայաստանի մայրաքաղաքը հոկտեմբերի 14 – 16-ին անցկացրեց Սանկտ Պետերբուրգի օրերը:
Կարեւոր է հետագայում եւս փոխշահավետ գործընկերության ներուժն ավելացնելը, փոքր եւ միջին բիզնեսը միջտարածաշրջանային համագործակցությունում ներգրավելը, երիտասարդական կապերը, զբոսաշրջային փոխանակումները, սփյուռքի գծով կապերի հարթումը:
Նման բազմակողմ համագործակցության հնարավորություններ են բացվում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն կառույցներին միանալու Հայաստանի մտադրության հետ կապված, առաջին հերթին նկատի ունեմ Մաքսային միությունը, Միացյալ տնտեսական տարածքը եւ հեռանկարում՝ Եվրասիական տնտեսական միությունը:
Մենք արդեն կարճատեւ զրույցի ընթացքում, երբ օդանավակայանից գալիս էինք, այդ մասին խոսել ենք Սերժ Ազատովիչի հետ: Ի՞նչ կարելի է ասել: Պարզապես հայ փորձագետները, մասնագետները, տնտեսագետները ինչպես հարկն է հաշվել են բոլոր օգուտները եւ առավելությունները, նման սերտ աշխատանքի բոլոր հնարավոր նախապատվությունները, այդ կոոպերատիվ, ինտեգրացիոն միավորումների շրջանակում աշխատանքը եւ կատարել են իրենց ընտրությունը: Դա հայ ժողովրդի եւ Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումն է: Բնականաբար, Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի աջակցի հայկական կողմի հետ համագործակցության այդ ուղղությանը:
Ի դեմս Հայաստանի` մենք ինտեգրման լիիրավ անդամ ենք տեսնում: Նման մոտեցումը հավանություն է ստացել Մաքսային միության երկրների «եռյակի» կողմից` Մինսկում հոկտեմբերին կայացած Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում:
Այն ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների առաջխաղացման հարցում սկսվել է Մաքսային միությանը հանրապետության անդամակցության գործնական նախապատրաստումը, եւ, Սերժ Ազատովիչն արդեն այդ մասին ասել է, խորհրդակցություններ են անցկացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ, նախատեսվում է իրավական, վարչական եւ այլ հարցերի ու փաստաթղթերի մեծ փաթեթի համաձայնեցում: Մեր կողմից մենք այսուհետ էլ կօգնենք մեր հայ բարեկամներին, որպեսզի անդամակցության գործընթացը առավելագույնս արդյունավետ ընթանա:
Մաքսային միությանը եւ Միացյալ տնտեսական տարածքին մասնակցությունը Ռուսաստանին, Ղազախստանին եւ Բելառուսին արդեն շոշափելի դիվիդենտներ է բերում: Չնայած վերջին տարիների արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրին` 2013թ. առաջին կիսամյակում «եռյակի» երկրների ՀՆԱ-ն աճել է 1,7 տոկոսով:
Մաքսային եւ վարչական խոչընդոտների վերացումը նպաստում է առեւտրաշրջանառության աճին: Մաքսային միության եւ ՄՏՏ-ի շրջանակում առեւտրի ծավալը հունվար-օգոստոսին ավելացել է 2 տոկոսով, եւ ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այդ երկու տոկոսը մենք հաշվում ենք առանց վառելիքաէներգետիկ բաղադրիչի: Եթե դա հաշվենք, այն, իհարկե, զգալի բարձր կլինի:
Այդ կապակցությամբ սկզբունքորեն նոր երեւույթ է դառնում ազգային իրավասուների մրցակցությունը: Այժմ Մաքսային միության երկրների գործարարները կարող են ընտրել իրենց ընկերությունների գրանցման վայրը: Պետական մարմինների համար դա մարտահրավեր է, խթան` բիզնեսը վարելու հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:
Վստահ եմ՝ Հայաստանի միացումը եվրասիական ինտեգրացիոն նախագծին, լրջորեն կամրապնդի նրա տնտեսական ներուժը, կնպաստի ներդրումային մթնոլորտի հետագա բարելավմանը, ուղիղ գործարար կապերի ամրապնդմանը, այդ թվում միջռեգինալ մակարդակում:
Ակնկալում եմ, որ այս եւ այլ հարցեր կլինեն ներկա ֆորումը մասնակիցների շահագրգիռ քննարկման առարկան: Ես եւ Սերժ Ազատովիչը ձեզ հաջողություն ենք մաղթում:
Ինչ վերաբերում է Անդրկովկասին, Ռուսաստանը այստեղից չի պատրաստվում հեռանալ: Հակառակը, մենք պատրաստվում ենք ամրապնդել իր դիրքերն Անդրկովկասում: Մենք կամրապնդենք մեր դիրքերը՝ հենվելով այն լավագույնի վրա, որը մնացել է մեզ մեր նախնիներից»:




























