2014-ին պետծառայողների բժշկական ապահովագրությունը ապահովագրական ընկերություններից կսկսի անցնել նախարարությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նա հիշեցրել է, որ 2012-ի կեսերին պետական ապահովագրության են անցել զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց բժշկական ապահովագրության պետական փաթեթները: «2014-ին նույնկերպ մենք կսկսենք նաեւ այլ կառույցներում պետծառայողների անցումը: Մենք դա կանենք աստիճանաբար, որովհետեւ մասնավոր ընկերություններից շատերի հետ պայմանագրերը ավարտվում են ապրիլին»,-պարզաբանել է նախարարը:
Նրա խոսքով՝ ապահովագրության կազմակերպմամբ զբաղվում է ԱՆ «Առողջապահության պետական գործակալությունը». «Կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում մենք որոշում կընդունենք, որը կավելացնի մեր կառույցի ինստիտուցիոնալ ռեսուրսները»:
Նշենք, որ Հայաստանում բժշկական ապահովագրության ծածկումը ներկայումս կազմում է մոտ 150 հազար մարդ, որից ավելի քան 120 հազարը պետծառայողներ են՝ սոցիալական փաթեթներով: Ավելի վաղ մասնավոր սեկտորից պետականի են անցել ուժայինների պոլիսները (ընդամենը մոտ 55 հազար մարդ):
Նշենք, որ թեեւ պետական փաթեթը կազմում է բժշկական ապահովագրության մոտ 80 տոկոսը, բայց ըստ ապահովագրական ընկերությունների պնդումների, դա ամենաեկամտաբերը չէ իրենց համար, իսկ հեռանկարում նաեւ խնդրահարույց է, ինչպես ԱՊՊԱ-ն:




























