Հայաստանի Ազգային Ժողովում քննարկվում է գերմանական KfW բանկի հետ 108,5 մլն եվրո վարկային համաձայնագրի նախագիծը: Ինչպես խորհրդարանի նիստում հայտարարել է ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը, համաձայնագրերի փաթեթը ներառում է նաեւ 4,25 մլն եվրո ծավալով ֆինանսական օգնություն: Վարկերն ուղղվելու են էլեկտրաէներգետիկային, գյուղատնտեսությանն ու ոռոգման ենթակառուցվածքներին:
Առաջին վարկը՝ 75 մլն եվրո 2 մլն եվրո գրանտային ֆինանսավորմամբ, ուղղվելու է Հայաստանից Վրաստան 400 կՎ հզորությամբ էլեկտրագծերի կառուցմանը: Նոր գիծը գրեթե երեք անգամ կմեծացնի Հայաստանիե ւ Վրաստանի միջեւ էլեկտրականության թողունակությունը, իսկ մշտական հոսանքի ներդիրը կավելացնի սինքրոն ռեժիմում աշխատանքի արդյունավետությունը:
Երկրորդ ծրագիրը՝ 15 մլն եվրո արժեքով, ուղղվելու է ֆերմերների վարկավորմանը, այդ թվում նոր մեթոդիկայով: Տեխնիկական աջակցության համար հատվացվելու է 750 հազար եվրո:
Եւս 18,5 մլն եվրո կուղղվի Շիրակի մարզում Կապսի ջրամբարի վերանորոգմանը:
Ներկայումս Հայաստանում իրացվում են KfW-ի 17 նախագծեր՝ 217,7 մլն եվրո ծավալով:




























