«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով լրատվամիջոցներում տեղ գտած հարցը, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աշխատակիցների փոխարեն վճարել պարտադիր կուտակային կենսաթոշակի 5%-ը:
«Վստահաբար, մենք գործ ունենք ակնհայտ արհեստական հարցադրման հետ: Այն քաղաքական ուժը, որը ներկայացնում եմ ես եւ որը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը, միանշանակ դեմ է պարտադիր բաղադրիչի կիրառմանը՝ համարելով, որ ներկա սոցիալ-տնտեսական իրականության պայմաներում դա ուղղակի անթույլատրելի է, քանզի հանուն տասնամյակներ անց խիստ մշուշոտ եւ հենց այսօր որեւէ հստակ երաշխիքներով չամրագրված բարեկեցության գաղափարի, է ՛լ ավելի է վատանալու մարդկանց այսօրվա ու նաեւ վաղվա իրական կյանքը:
Այս դեպքում արդեն էական չէ, որ որոշ խոշոր գործարարներ, կամավոր կամ ոչ համաձայնել են վճարել:
Այն, որ գործարարները պատրաստակամություն են հայտնել իրենք վճարել իրենց աշխատողների կուտակային պարտադիր վճարները, ապա այստեղ մենք գործ ունենք իրապես խորքային վտանգների հետ: Աներկբա է այն տեսակետը, որ այստեղ գործ ունենք Կառավարության կողմից բիզնեսի վրա ուղղակի եւ բացահայտ ճնշման փաստի հետ: Օրենքը հստակ սահմանում է, թե ով եւ որքան պետք է վճարի հունվարի 1-ից: Կարծում եմ, որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ սա ընդամենը լինելու է խիստ կարճաժամկետ ակցիա, բողոքի արդարացի ալիքը մեղմելու կամ մարելու նպատակով:
Բնականաբար, այս դեպքում տրամաբանորեն առաջանում է երկու հստակ հարց:
Առաջինը՝ ո՞վ է վճարելու պետական համակարգում աշխատողների գումարները: Եվ պետք չէ զբաղվել փարիսեցիությամբ, քանզի բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ գումարները վճարելու են բացառապես երիտասարդ մասնագետները եւ ուրիշ ոչ ոք: Եվ երկրորդ՝ եթե մի քանի խոշոր գործարար պաթետիկ տոնով պատրաստակամություն են հայտնում իրենց վրա վերցնել այդ բեռը, ի՞նչ են անելու հազարավոր փոքր ու միջին գործարարները: Չէ՞ որ հենց այս կառավարության սխալ տնտեսական քաղաքականության արդյունքում դրանց մեծամասնությունն այսօր գտնվում է ծանրագույն վիճակում՝ կքած պարտքերի ու վարկերի տակ։
«Բարգավաճ Հայաստանը» ժողովրդի հետ մշտապես եղել է անկեղծ ու ազնիվ։ Ու մենք անելու ենք հնարավորը՝ այս համակարգի ներդրումը կասեցնելու համար, այլ ոչ թե գնալու ենք քայլերի, որոնց նպատակը կարճաժամկետ ակցիաներով հարյուր հազարավոր երիտասարդների արդար ընդվզումը մեղմելը եւ այնուհետեւ նույն այդ երիտասարդներին փաստի առաջ կանգնեցնելն է»,- նշել է Ուրիխանյանը:





























