Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատություններից չի վրիպել իրեն մշտապես մեծարած, սակայն վերջին շրջանում իշխանությունների համար ոչ հաճելի նյութեր հրապարակող Zaman պարբերականին։
Թուրքական OdaTV-ի կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը, առանց թերթի անունը նշելու, ասել է. «Մի թերթ գրել է «Իսպանիայում ոստիկանությունը գրոհել է իշխող կուսակցության գրասենյակը»։ Մի քիչ հարգալից եղեք, հարգալից։ Վերջին շրջանում տեղի ունեցող գործողություններին արդեն սովորել եք, դրա համար եք նման վերնագիր դնում»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ Էրդողանը նկատի է ունեցել Zaman պարբերականին, որի գլխավոր էջում է եղել հիշյալ վերնագրով հրապարակումը։
Հայտնի է, որ Zaman պարբերականը պատկանում է Գյուլենի կրոնական համայնքին։ Վերջին շրջանում Էրդողան-Գյուլեն լարվածության ֆոնին Zaman-ը սկսել է իշխանություններին քննադատող հրապարակումներով հանդես գալ։






























