Միխայիլ Խոդորկովսկիի ազատ արձակումը, որին ուրբաթ օրը ներում էր շնորհել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ նա անմիջապես մեկնել էր Բեռլին, «գերմանական դիվանագիտության հաղթանակն էր», որը այդ նպատակին ձգտում էր 2,5 տարի: Այս մասին հայտարարել է լրագրող եւ քաղաքագետ, գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն Ալեքսանդր Ռարը՝ Spiegel Online-ին տված հարցազրույցում: Ռարը Բեռլինում արդեն հանդիպել է Խոդորկովսկիի հետ:

Ռարի խոսքով՝ Գերմանիայում «դեռեւս պահըպանել են գաղտնի ուղիներ Ռուսաստանի հետ», որոնք այլեւս չկան այլ եվրոպական երկրներում, եւ որոնք նման իրավիճակներում, ինչպես Խոդորկովսկիի դեպքն է, «կարող են աշխատել»:

Լրագրողը նաեւ ասել է, որ Խոդորկովսկիի ազատ արձակման գործողության մեջ առանցքային գործող անձը եղել է Գերմանիայի ԱԳ նախկին նախարար Հանս Դիտրիխ Գենշերը, որը այդ նպատակին հասել է երկար բանակցությունների արդյունքում, հաղորդում է Forbes-ը: