66-ամյա անմեղ  մարդու դատապարտումը 10 տարվա ազատազրկման, նրա առողջական լուրջ խնդիրներով հանդերձ, համարժեք են ցինիկաբար ծրագրված եւ սառնասրտորեն իրագործված սպանության: Սա հազիվ թե երկրում դափնիներ ավելացնի, որոնք կհամոզեն աշխարհը ժողովրդավարական ձգտումների մասին, առավել եւս բարելավել նախագահի հեղինակությունը, ասվում է քաղաքագետ Արկադի Վարդանյան կնոջ՝ Ելենա Վարդանյանի՝  նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում:

«Նրա դեմ ուղղված անհեթեթ մեղադրանքը՝ շահադիտական նկատառումներով սպանության մասնակցության մեջ, բոլոր փուլերում ուղեկցվում էր անօրինականություններով՝ ինչպես նախաքննություն իրականացնող մարմինների, այնպես էլ  նրանց գործողությունների օրինականությանը հետեւող  դատախազի կողմից եւ ավարտվեց առաջին ատյանի դատարանի կողմից անարդար վճռի կայացմամբ», - ասվում է նամակում:

Հիշեցնելով, որ իր հրապարակային ելույթներում Ս.Սարգսյանը հայտարարում է արդարադատության համակարգը բարեփոխելու մասին, ինչպես նաեւ նշելով, որ չի կասկածում նախագահի մտադրությունների անկեղծությանը, Ե.Վարդանյանը հայտարարում է, որ նախագահի հայտնած բարի մտադրությունները որոշ իրականացնողների կողմից ենթարկվում են բացահայտ նենգափոխման:

«Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարանների կողմից մեղադրական դատավճիռների ինքնաբերաբար հաստատման արատավոր պրակտիկան գրեթե բացառում է պաշտպանող կողմի բողոքարկումների օբյեկտիվ քննարկումը: Այդ պատճառով ես ինձ իրավունք եմ վերապահում սույն նամակի կրկնօրինակները ուղարկել բոլոր եվրոպական ատյաններին:

(…) Ինչպես երեւում է, Ձեր շրջապատում քիչ չեն նրանք, ովքեր զգուշանում են նորանոր մերկացումներից, որոնք պարունակվում են Արկադի Վարդանյանի քննադատական վերլուծություններում, եւ  որոշել են ազատվել նրանից անարդար, ստոր միջոցով»,- ասվում է նամակում:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանը դեկտեմբերի 13-ին քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի քաղաքացի Արկադի Վարդանյանին դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Արկադի Վարդանյանին ներկայացված մեղադրանքի համաձայն՝ նա իր գործողություններով նպաստել է սպանության նախապատրաստմանը: