Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության փոխնախագահ եւ խոսնակ Հուսեյն Չելիքը հաստատել է, որ սկանդալային մեծ կաշառք գործում անունները շոշափվող 4 նախարար հրաժարական են ներկայացրել:
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ եւ խոսնակ Հուսեյն Չելիքը Kanal 7 հեռուստաընկերության եթերով հաստատել է մամուլում հայտնված տեղեկությունը, թե 4 նախարար հրաժարականի դիմում են ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Հուսեյն Չելիքը նշել է, թե Էրդողանը դեռ ոչինչ չի հայտնել նախարարների հրաժարականների ընդունման կամ մերժման հետ կապված:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում հայտնվել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլլերի, Էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի, Բնապահպանության նախարար Էրդողան Բայրաքթարի եւ Եվրամիության հետ հարցերով նախարար Էգեմեն Բաղըշի դեմ կազմված հետաքննական դոսյեներն ուղարկվել են Արդարադատության նախարարություն, որից հետո հիշյալ նախարարները հրաժարակի դիմում էին ներկայացրել:
Հիշեցնենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։





























