Վախճանվել է հրազենի խորհրդային եւ ռուսաստանյան կոնստրուկտոր Միխայիլ Տիմոֆեեւիչ Կալաշնիկովը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուդմուրտիայի նահանգապետ Վիկտոր Չուլկովի մամուլի քարտուղարի հայտարարությունը:

Աշխարհում ամենատարածված հրազենի հիմնադիրն 95 տարեկան էր:

Հաղորդվում է, որ նոյեմբերի 17-ից Կալաշնիկովը Ուդմուրտիայի ախտորոշիչ հիվանդանոցի  վերակենդանացման բաժանմունքում էր, որտեղ նրան տեղափոխել էին ստամոքսային արյունահոսության պատճառով: Նրա որդու՝ Վիկտորի խոսքով՝ կոնստրուկտորի առողջությունը վատթարացել է ծննդյան տոնի ժամանակ, որը նշել էին նոյեմբերի 10-ին:

Միխայիլ Կալաշնիկովն իր անունը կրող ինքնաձիգը նախագծել էր 1947թ.: Հետագայում զենքը մի քանի անգամ ձեւափոխության է ենթարկվել, իսկ աշխարհում ընդհանուր առմամբ հավաքել են ավելի քան 70 մլն ինքնաձիգ: Այս պահին այն ավելի քան 100 երկրների զինված ուժերի զինանոցում է: