Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները անելու բան չունեն ու մանկապարտեզի խաղեր են խաղում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հնարավոր է հանձնաժողովի նիստ անեն եւ բարձրացնեն Սուքիաս Ավետիսյանի պաշտոնանկության հարցը:

«Ընդհանրապես մտահոգություն չունեմ: Իմ լիազորությունները, այսպես, թե այնպես,  ԱԺ կանոնակարգ օրենքով մինչեւ հաջորդ՝ այս դեպքում գարնանային նստաշրջանի, սկիզբն է: Իսկ մինչեւ հաջորդ նստաշրջանը արտահերթ նիստ չի լինելու, որ ուզում են լիազորություններ ձեռք բերել: Ընդհանրապես հաշվիչ հանձնաժողովն ընտրվում է մեկ նստաշրջանի համար»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը: Նրա խոսքով՝ այդ ուժերը փորձում են ամեն ինչ անել, ցույց տալու համար, թե ինչ արվել է՝ ապօրինի է, այնինչ ամեն ինչ օրենքի սահմաններում է  արվել:

«Մանկապարտեզի խաղ է, որ փորձում են հասարակության ուշադրությունը շեղեն իրենց վրա: Խնդիր չկա, ով ցանկանում է մեկ ամսով հաշվիչ հանձնաժողովի նախագահ լինել՝ թող լինի: Ուղղակի անգործ են մնալու, գործ չունեն անելու: Նստաշրջան  չկա, բան չկա, ի՞նչ է անելու  հաշվիչ հանձնաժողովը»,- ավելացրեց Սուքիաս Ավետիսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները պատրաստվում են դիմել ՍԴ եւ բողոքարկել դեկտեմբերի 23-ին ԱԺ նիստում տեղի ունեցած քվեարկությունը՝ կապված «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ համաձայնագրերի հետ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ դեկտեմբերի 23-ին ԱԺ Հաշվիչ հանձնաժողովը չի աշխատել, որովհետեւ նման խնդիր ԱԺ ղեկավարության կողմից չի առաջադրվել: «Ելնելով ԱԺ կանոնակարգով մեզ տրված հնարավորություններից` Հաշվիչ հանձնաժողովի չորս անդամներս` Լյուդմիլա Սարգսյան, Արծվիկ Մինասյան, Տիգրան Ուրիխանյան, Թեւան Պողոսյան, դիմում ենք հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին` տեղեկացնելով, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 15-ին, հրավիրում ենք հանձնաժողովի արտահերթ նիստ` քվեարկության հաշվարկման օրինականության հարցը եւ կազմակերպական հարցեր քննարկելու համար: Նիստը լինելու է դռնբաց»,- նշել է դաշնակցական պատգամավորը՝ հավելելով, որ եթե անգամ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը չժամանի այդ նիստին, իրենք 4-ով իրավասու են անցկացնել նիստը:

«Եթե իշխանական ներկայացուցիչը չուզենա ներկայանալ նիստին կամ չպաշտպանի մեծամասնության՝ մեր, տեսակետը, ինչո՞ւ ոչ, նաեւ պաշտոնանկությունը կպահանջենք»,- նշել է Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ այդ դեպքում նիստը կվարի հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը:

Արծվիկ Մինասյանն նաեւ ընդգծել է, որ եթե Սահմանադրական դատարանը բավարարի իրենց դիմումը, ապա գազային համաձայնագրերի ընդունման գործընթացը պետք է նորից սկսվի, ու կրկին քննարկվի ԱԺ-ում: