Մոսկվա-Գյումրի չվերթի ուղեւորներին դեկտեմբերի 24-ին Շիրակի օդանավակայանի անձնակազմը լավ չի սպասարկել, ուղեբեռի շարժագծի մեջ  որոշ պայուսակները բաց են եղել, որտեղից էլ իրեր են կորել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աստղիկ Կարապետյանը, ում եղբոր պայուսակից պլանշետ եւ տեսախցիկ է կորել, ընդհանուր՝ 21 հազար ռուբլի արժողությամբ։

«Նախ, ինքնաթիռին աստիճանները կես ժամ ուշ են մոտեցրել, հետո էլ ոչ աշխատակազմի անդամներ են եղել, ոչ անվտանգության աշխատողներ, մարդիկ ինքնահոս հասել են այն սրահ, որտեղ էլ մեկ ժամ ուշ պայուսակները եկել են քանդված ու «սկոչ»երը բացված։ Բաց էին այն պայուսակները, որոնց մեջ տեխնիկա է եղել»,- պատմեց Աստղիկը։

Նրա խոսքով, երբ ուղեւորները պայուսակները բաց են տեսել, սրահում քաոս է առաջացել. յուրաքանչյուրն ինքնուրույն իր պայուսակն է փնտրել. «Աշխատողներն էլ կանգնած նայում էին, կարծես հաճույք էին ստանում դա նայելուց, ոչ մեկը ոչինչ չէր անում: Մենակ բղավում էին՝ մարդիկ, հանգստացեք, հերթով»։

Աստղիկ Կարապետյանի եղբայրը՝ Վահագն Կարապետյանը, նկատելով, որ պայուսակից տեխնիկա է կորել, ցանկացել է դիմում գրել, բայց աշխատակիցները հրաժարվել են  դիմում վերցնել: «Ասել են մենք պատասխանատու չենք, չենք կարող դիմում վերցնել: Ասել են մնացած հարցերը ուղեւորների հետ լուծեք մենք պատասխանատու չենք»,- ասաց Աստղիկը։

NEWS.am-ի հետ զրույցում Շիրակի օդանավակայանի աշխատակիցը, որը հրաժարվեց ներկայանալ, հերքեց այն տեղեկությունները, որը ուղեւորների պայուսակները բաց են եղել եւ իրեր են կորել։

«Ես ոչինչ չգիտեմ, մենք դրա համար պատասխանատու չենք, այդ մարդը օդանավակայանում պետք է նախօրոք հայտարարություն տար, որ ապրանք է կորել։ Բագաժը վերցնելուց եթե ասեր, որ բան է կորել, բեռը կակտավորեինք։ Այդ մարդու պատմածը սուտ է»,- ասաց օդանավակայանի աշխատակիցը։