«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ-ում տեղի ունեցած բուռն քննարկումները որեւէ  նստվածք չեն թողել ոչ իմ, ոչ էլ պատգամավորների մոտ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմաննն ասաց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։

«Ես համարում եմ, որ այստեղ եղել են միայն աշխատանքային քննարկումներ, նաեւ ես ինքս ամեն ինչ արեցի, որ մենք վերադառնանք բուն քննարկման դաշտ, ոչ մի նպատակ չեմ ունեցել որեւէ մի տեղ շեղվելու։ Համոզված եմ, որ մեր գործընկերների հետ քննարկման դաշտում ենք եղել եւ միշտ էլ տեսնելուց  որեւէ խնդիր չկա, չէի ուզենա սրունք մտցնել, այդ քննարկումները որեւէ նստվածք չեն տվել ոչ միայն ինձ մոտ, ոչ էլ հարգարժան պատգամավորների մոտ»,- ասաց Արամ Հարությունյանը։

Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյանների՝ ձկնաբուծությամբ զբաղվելուն, նախարարն ասաց, որ դրա հետ կապված հայտարարությունները իր վրա ազդեցություն չեն ուեննալու, «չկա նման բան, որեւէ մեկի կողմից մենք, նախարարությունը ճնշված չենք, շատերը մեզ օգնում եւ համագործակցում ենք»։ «Որեւէ կապ չեմ կարող տեսնել ձկնային տնտեսությունների եւ պարոն Աբրահամյանի միջեւ, մի քանի քննարկուներ ենք ունեցել, նա մեզ օգնել է»,- ասաց Արամ Հարությունյանը։

Նշենք, որ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը բավական բուռն արձագանք է ստացել  ԱԺ որոշ պատգամավորների շրջանում: Այն վերածվել էր վեճի ու միմյանց հասցեին մեղադրանքների տեղիք տվել՝ Կառավարությունից բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի եւ ԱԺ-ից՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Հերմինե Նաղդալյանի, Արփինե Հովհաննիսյանի եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջեւ։ Պատգամավորները բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի վերաբերմունքից դժգոհել էին,  թե վերջինս արհամարհական տոնով է խոսում պատգամավորների հետ եւ նրանց բարձրացրած հարցերին հստակ չի պատասխանում։