Անցնող 2013 թ-ն իր բովանդակությամբ առանձնապես տարբեր չէր վերջին 20 տարիներին տիրող խայտառակ իրավիճակից: Այդ մասին ասվում է Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության տարածած հայտարարության մեջ:

«Շարունակելով մնալ շրջափակման մեջ ու չհայտարարված պատերազմի իրավիճակի պայմաններում՝ մեր երկրի իրար հաջորդող իշխանությունները չկարողացան իրենց քաղաքականությունն ուղղել դեպի ՀՀ քաղաքացին, այսկերպ էլ ավելի անկատար ու հակամարդկային դարձնելով գործող համակարգը: Շարունակական  մեծ թիվ է կազմում արտագաղթը, Հայրենիքը լքում են զանգվածաբար, ամեն քայլափոխի խախտվում է ՀՀ օրենքները եւ մարդու իրավունքները, քաղաքացիների  սոցիալական կարգավիճակը էլ ավելի է վատթարանում:

Այս իրավիճակում է, որ ՍԴՀԿ-ն կոչ ուղղեց բոլոր հայրենասեր ուժերին մաս կազմել ձախ ուժերի դաշինքին՝ 2014 թ-ին երկրում համակարգային փոփոխությունների համար պայքարելու նպատակով: Մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու եւ հիմա էլ շեշտում ենք, որ անձինք չէ, որ կարող են մեր երկրում համակարգ փոխել: Իրար հաջորդող իշխանությունները փոխեցին անձանց, սակայն տրամաբանությունը,գործելակերպը երկրում առկա  բարքերը մնացին նույնը: Սոցիալական անարդարությունը, կոռուպցիան, օլիգարխիան, մենաշնորհները դարձել են մեր երկրի քաղցկեղը, որը արդեն իսկ սպառնում է ազգային անվտանգությանը: Սա է,  որ խեղդում է Հայաստանի քաղաքացուն, փոքր եւ միջին բիզնեսը, հագուրդ տալիս օլիգարխների՝  իրենց միլիարդները մի քանիսով ավելացնելու ոչ մարդկային կրքին: Մենք չենք հանդուրժում եւ  իրավունք չունենք հանդուրժել ներկա համակարգը, մեզ օդի եւ ջրի պես անհրաժեշտ է  կառավարման համակարգի արդար, քաղաքացուն, մարդուն այլ ոչ թե օլիգարխին ծառայող մոդել: Վստահ ենք, որ 2014 թ-ը լինելու է վերելքի, փոփոխությունների տարի: Այդ համակարգային փոփոխությունը հանգեցնելու է արդարության, այն արդարությանը, որ ամեն օր փնտրում ենք յուրաքանչյուրս, սակայն այդպես էլ չենք գտնում ոչ իշխանության, ոչ էլ հրապարակ ելած ընդդիմության գործելաոճում եւ քաղաքական գործիքակազմում:

Սիրելի հայրենակիցներ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շնորհավորում է բոլորիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ վստահ լինելով, որ շատ մոտ ապագայում մենք ապրելու ենք Արդար Հայաստանում»,- նշել են հայտարարության հեղինակները: