Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի դեմ պայքարողներն այսօր՝ դեկտեմբերի 27-ին, հավաքվել են Վարդանանց 13 հասցեում գտնվող «Անելիք» բանկի դիմաց՝ փակելու իրենց բանկային հաշիվները, այս կերպ արտահայտելով իրենց բողոքը բանկի այն հայտարարությանը, որ իրենց աշխատողները սխալմամբ են ստորագրել ՀՀ նախագահին ուղղված նամակի տակ (ֆոտոռեպորտաժ

«Մենք բոլորս այն աշխատողների կողքին ենք, ովքեր ստորագրել են հակասահմանադրական օրենքի տակ։ Ինչո°ւ է բանկը հայտարարում, որ իրենց աշխատողները սխալմամբ են ստորագրել»,- հայտարարեց Հայկ Ավետիսյանը՝ նշելով, որ աշխատողների իրավունքները ոտնահարված են։

Այս պահին մոտ 30-40 քաղաքացիներ «Անելիք-հակաժողովրդական բանկ», «Աշխատողն ունի իր քաղաքացիական իրավունքը», «Ազատ անկախ աշխատող» գրությամբ պաստառներով և «ամոթ ամոթ» և «ազատ անկախ աշխատող» վանկարկումներով կանգնած են բանկի դիմաց և պատրաստվում են ներս մտնել։

«Ես չեմ ուզում հաշիվ ունենալ մի բանկում, որտեղ բացակայում է ազատ խոսքի իրավունքը և գործում է կոռուպցիա։ Աբսուրդ ա նման բանկում ունենալ հաշիվ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինժեներ Վարդան Մանուկյանը։

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ բողոքող մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 3-ին նամակ էին ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին, որում ստորագրել էին տարբեր կազմակերպությունների ավելի քան 5000 աշխատող, այդ թվում նաև «Անելիք» բանկի 68 աշխատակից։ Ավելի ուշ բանկը տեղեկացրել էր, որ իր աշխատողները թյուրիմացաբար են  ստորագրել այդ նամակի տակ։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am