Հայաստանի Ազգային ժողովում կա համապատասխան հանձնաժողով, որը զբաղվում է պատգամավորի վարքի էթիկայի հարցերով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում, որ գազային համաձայնագրերի քվեարկությունը հանրության վստահությունը չի վայելում, իսկ վավերացման նիստի ընթացքում լրագրողների նկատմամբ անպարկեշտ պահվածք են դրսեւորել պատգամավորները:
«Խորհրդարանում կա համապատասխան հանձնաժողով, եւ էթիկապես ճիշտ չի լինի, եթե վարչապետը գնահատական տա պատգամավորների պահվածքին: Դուք հնարավորություն ունեք հետեւել նրանց աշխատանքին, տալ գնահատականներ, եւ մեր քաղաքացիներն են հնարավորություն ունեն տեսնել եւ գնահատել պատգամավորների աշխատանքը»,- ասել է վարչապետը:
Խոսելով քվեարկության գործընթացի մասին՝ վարչապետը նշել է, թե այն բաց էր եւ հանրությունից ու լրագրողներից ոչինչ գաղտնի չի պահվել: «Խորհրդարանական մեծամասնության եւ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ միջադեպերը, եւ նրանց պահվածքը խորհրդարանում քննարկելու թեմա են»,- ասել է նա:





























