«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր» Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, «Միսս Հայաստան» ազգային գործակալության տնօրեն Կարեն Արիստակեսյանի հետ միջադեպի փաստով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից արձագանքելով հարցին, թե ինչ ընթացք ստացավ սույն գործը:
«Այսինքն` նյութերի նախապատրաստմամբ չի ապացուցվել Կարեն Արիստակեսյանի եւ Վարդենիկ Չարչենիկովի, Անիկ Միքայելյանի ծեծի ենթարկելու , ինչպես նաեւ Անիկ Միքայելյանի կողմից սուտ մատնություն կատարելու փաստը, իսկ Սամվել Նազարյանի կողմից սպանության սպառնալիքներ կատարելու կապակցությամբ այն իրականացնելու իրական վտանգ չի եղել: Ուստի նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով»,- մանրամասնեցին ոստիկանությունից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել էր, որ իրեն ծեծի են ենթարկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին եւ պատճառել վնասվածքներ: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:





























