Եմենի բանակը կրակ է բացել թաղման արարողության մասնակիցների ուղղությամբ, որը կազմակերպել էր անջատողական «Հարավի շարժումը», որի հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել՝ մի քանի տասնյակ մարդ:
«Հարավի շարժումը», որը պայքարում է Եմենի հարավային մասի անկախության համար, հինգշաբթի Ադ Դալիա քաղաքի վարչակազմի շենքի մոտ սգո վրան է տեղադրել նախորդ օրը այդտեղ բախումների ժամանակ սպանված ակտիվիստի պատվին:
Հինգշաբթի առավոտյան քաղաքապետարանի շենքին են մոտեցել երկրի զինվորականները, որոնք կրակ են բացել հավաքվածներին վրա: Ականատեսների վկայությամբ՝ զինվորականները տանկեր են գործի դրել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Sky News Arabia-ն:
Իր հերթին, France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի բժիշկներին, հայտնել է, որ հրաձգության հետեւանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 15 մարդ, այդ թվում՝ երեխաներ:
Հարավային անջատողականները պահանջում են վերանայել հարավային տարածքների անջատման եւ առանձին պետություն ստեղծելու հարցը եւ վերականգնել Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչեւ Եմենի Արաբական Հանրապետության հետ միանալը 1990 թվականին: Երկրի իշխանությունները դաժանաբար ճնշում են հարավցիների ելույթները:





























