26-ամյա Վլադիմիր Մ.-ն մեղադրվում է այն բանում, որ «Կոնտինենտալ» հյուրանոցառեստորանային համալիրում աշխատելով որպես մատուցող, դանակահարել է աշխատակիցներից մեկին: Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:  

Գործի նյութերի համաձայն՝ 26-ամյա Վլադիմիր Մ.-ն, Արարատի մարզի Այնթապ գյուղի տարածքում գործող «Կոնտինենտալ» հյուրանոցառեստորանային համալիրում աշխատելով որպես մատուցող, խոհանոցում վիճաբանել է խոհարարներ Հայկ եւ Կարեն Պ.-երի հետ, որի ընթացքում խոհարար Սամսոն Ա.-ն, նրա օգնական Հարություն Հ.-ն միջամտել են, բաժանել նրանց եւ հեռացրել: Վլադիմիր Մ.-ն, վերցնելով խոհանոցային դանակը, մոտեցել է վերջիններիս եւ Հայկ Պ.-ի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ որոշել է դանակով հարված հասցնել նրան: Սակայն դանակով սխալմամբ հարվածել է Հայկին մի կողմ տանող Հարություն Հ.-ին եւ նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112  հոդվածի  1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 17-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: