NEWS.am-ի տեղեկություններով՝ մայր եւ որդի ծեծել են կահույքի արտադրամասի տնօրենին՝ պատվերը ուշացնելու համար: NEWS.am-ի այս տեղեկությունը հատաստեցին նաեւ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Դեկտեմբերի 26-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդվել է, որ անհայտ քաղաքացին ահազանգել եւ հայտնել է, որ Եղիշե Թադեւոսյան փողոցի թիվ 4 շենքի նկուղում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը նշված տեղից բաժին է հրավիրվել Արամ Վ-ն, ով ըստ NEWS.am-ի տեղեկությունների, կահույքագործ անհատ ձեռներեց է:
Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21.25-ի սահմաններում, նշված նկուղ են ներխուժել կահույքի պատվիրատուներ Անիկը եւ վերջինիս որդի Արթուրը: Նրանք դժգոհել են կահույքի պատրաստման ժամկետների ուշացումից, հարձակվել են իր վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել գլխի, դեմքի եւ մարմնի տարբեր մասերին պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն , ձեռնարկվել են միջոցառումներ Անիկին եւ Արթուրին հայտնաբերելու ուղղությամբ:





























