NEWS.am-ի «Ամանորյա բլիցի» հարցերին պատասխանում է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Որտե՞ղ եք անցկացրել Ամանորը եւ ո՞ւմ հետ:

Ինչպես բոլոր ավանդապահ մարդիկ՝ տանը, ընտանիքիս հետ:

Նոր տարվա սեղանին ձեր ամենասիրելի ուտեստը:

Ուտել եւ սիրել բառերը, իմ կարծիքով անհամատեղելի են: Ճիշտը նախընտրելն է, իսկ նախընտրում եմ Ամանորին հատուկ հայկական բոլոր ճաշատեսակները:

Քանի՞ շիշ ալկոհոլ կարող եք խմել:

Հանգիստ թողնենք Գինեսի ռեկորդների գիրքը: Երբեք չեմ չարաշահել խմիչքը:

Եթե ձեր ցանկությունը իրականացնելու համար Ձմեռ պապը պահանջեր, որ երգեիք, ի՞նչ կերգեիք:

Երբեք չեմ մտածել այդ մասին: Համենայնդեպս՝ ոչ ռաբիս:

Առաջինը ո՞ր կենացն եք խմել, իսկ հիշո՞ւմ եք վերջին կենացը:

Ինչպես բոլորը՝ առաջինը բաժակ եմ բարձրացնում Նոր Տարվա համար: Իսկ վերջին կենաց չկա: Կա վերջին հյուր, որ միշտ անսպասելի է, բայց միշտ ցանկալի, եւ որին նույնպես ավանդական բարեմաղթանքներով եմ դիմում:

Նախագահի կենացը որերո՞րդն եք խմել:

Երկրորդ կենացը խաղաղության կենացն է, նաեւ վերջինիս առնչվող երկրի խորհրդանիշների, այդ թվում՝ նախագահի կենացը:

Ամանորի սեղանի ձեր ծախսը  քանի՞ ամսվա աշխատավարձն է կազմում:

Ես եւ իմ ընտանիքը չափավոր ենք ամեն ինչում:

Ամանորին քանի՞ կգ եք ավելանում:

Վերջին քառասուն  տարում իմ քաշն անփոփոխ է մնացել:

Ձմեռ պապի՞ն եք հավատում, թե՞ Ձյունանուշին:

Կարծում եմ նման հարցին այսօր թոռներս անգամ ներողամտորեն ու ժպիտով կարձագանքեին: Իսկ ես վաղուց արդեն դուրս եմ եկել այդ տարիքից:

Ամանորի գիշերը Ձյունանուշի կերպարով ո՞ւմ էիք ցանկանում տեսնել ձեր տանը:

Արդեն տասնչորսերորդ Ամանորն է, որ մեր տան Ձյունանուշն Անի անունով թոռնուհիս է:

Ինգա Մարտինյան