1921 թ. ծնված Վազգեն Հովհաննիսյանը կնոջ` Լուսյա Հովհաննիսյանի հետ ավելի քան 17 տարի ՌԴ-ում անցկացնելուց հետո, ի վերջո, վերադարձել են հայրենիք եւ մոտ երկու տարի է, ինչ ապրում են մայրաքաղաքում գտնվող իրենց բնակարանում: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած եւ պատերազմի ողջ թոհուբոհով անցած մեծ հայրենասերը` Վազգեն Հովհաննիսյանը, 94 տարեկանում Հայաստանի քաղաքացի դառնալու եւ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու ցանկություն էր հայտնել:
Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցները ոչ միայն մեծ պատրաստակամությամբ էին ընդառաջել նրան, այլեւ որոշել էին անձամբ այցելել պատերազմի վետերանին:
Դեկտեմբերի 27-ին ոստիկանության ԱՎՎ աշխատակիցները վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արսեն Համբարձումյանի գլխավորությամբ այցելեցին Վազգեն Հովհաննիսյանի բնակարան եւ նրան հանձնեցին ՀՀ քաղաքացու անձնագիրը:
Օրը հիշարժան էր նաեւ նրանով, որ անձնագիր ստացավ նաեւ Վազգեն Հովհաննիսյանի կինը` տիկին Լուսյան:
Օգտվելով առիթից անձնագրայինի աշխատակիցները Ամանորի կապակցությամբ շնորհավորեցին տանտերերին:






























