Սաուդյան Արաբիայում շարժական ծովային նավթահարթակի վթարի հետեւանքով անհետ կորել են Արեւելյան Ասիայից ներգաղթած երեք  աշխատողներ: Այդ մասին հաղորդել է Saudi Arabian Oil Co ազգային նավթային ընկերությունը(Aramco):

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին Պարսից ծոցի ջրերում՝ աշխարհում ամենախոշոր նավթահանք Սաֆանիայի շրջանում: Վերանորոգման աշխատանքների ժամանակ հարթակը խորտակվել է:

Հաղորդում են, որ մի քանի աշխատակիցներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Անհետ կորել են Հնդկաստանի երկու քաղաքացի եւ Բանգլադեշի մեկ քաղաքացի:

Aramco ընկերությունը հայտարարել է, որ փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնողական աշխատանքները: Վթարի պատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, ընկերությունը խոստանում է հետաքննություն անցկացնել, հաղորդում է RBK.ru-ն: