Հոգեւոր առաջնորդների կոչերն այսօր այլեւս ի վիճակի չեն կանգնեցնել ահաբեկիչներին, որոնք միայն քողարկվում են հոգեւոր դրդապատճառներով` սարսափելի հանցագործություններ կատարելու համար: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է իսլամական հայտնի աստվածաբան, ռուսաստանյան մուֆթիների առաջնորդ Ֆարիդ Սալմանը:
«Ներկայումս մահմեդականների հոգեւոր առաջնորդները, բացի զղջալու կոչերից, ազդելու այլ միջոցներ չունեն: Միակ բանը, որ մենք կարող ենք անել, խղճին դիմելն է, սակայն հանցագործները խիղճ չունեն, այդ պատճառով էլ նրանք հոգեւոր առաջնորդներին չեն լսում», - նշել է նա:
Ըստ Սալմանի` «տվյալ իրավիճակում բոլոր մահմեդականները, ինչպես նաեւ Ռուսաստանի բոլոր բնակիչներն ապավինում են իրավապահ մարմինների խստությանը, որոնք պետք է հայտնաբերեն, բացահայտեն եւ չեզոքացնեն մեր երկրում ահաբեկիչների կայանները»:
Հոգեւոր առաջնորդը կարծում է, որ եկել է ժամանակը վերանայելու ռուսական օրենսդրությունն ահաբեկչության նկատմամբ, եւ մասնավորապես «անմիջապես դադարեցնել իրենց քարոզչություններում իսլամական ուսմունքի տարրեր օգտագործող բոլոր ծայրահեղական խմբավորումների գործունեությունը», որոնք ըստ նրա, «այժմ ազատ գործում են մեր երկրում եւ դեռ արգելված չեն»:
Ըստ Սալմանի` առաջին քայլը պետք է լինի իսլամական կեղծ գաղափարախոսության տարածման արգելքը համացանցում: «Տեղի է ունենում երիտասարդ սերնդի գաղափարական մշակում, պետության կործանման կոչեր են հնչում», - ընդգծել է նա:





























