ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, հանդիպել է «Հայ ասպետ» ռազմահայրենասիրական խաղ մրցույթի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցների եւ Անգլիայի Պետերբորո քաղաքում կայացած կարատե-դո 3-րդ ավանդական մրցաշարում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկների հետ:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է պատանիների եւ աղջիկների` մրցումներին ակտիվ մասնակցությունը: Ա. Հարությունյանը առողջ ու խելացի սերունդ դաստիարակելը համարում է պետության զարգացման կարեւոր նախապայմաններից մեկը:

Շնորհավորելով պատանի մարզիկներին եւ գիտունիկներին ձեռքբերումների, նաեւ գալիք նոր տարվա առթիվ, վարչապետը նրանց մաղթել է նոր հաղթանակներ: Ներկաները պարգեւատրվել են նվերներով, կառավարության ղեկավարի կողմից նրանց համար կկազմակերպվի  տուրիստական շրջայց Արցախի եւ Հայաստանի տեսարժան վայրեր:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին ուշադրության համար եւ խոստացան  միշտ բարձր պահել Արցախի պատիվը: