Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական խոսքն Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Շնորհավորանքում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
մոտենում է ավարտին 2013 թվականը եւ մենք ձեզ հետ պատրաստվում ենք դիմավորել 2014 թվականը: Այսօր կառավարության անդամները գտնվում են զորամասերում, որպեսզի շնորհավորեն մեր զինվորների Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը: 2013 թվականին Գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մենք ջանք չենք խնայել ամրապնդելու մեր բանակի մարտունակությունը եւ բարձրացնելու մեր զինվորների պրոֆեսիոնալ պատրաստվածության աստիճանը:
Չկա որեւէ խնդիր, որ մենք չկարողանանք լուծել համատեղ ջանքերով, ուղղակի հարկավոր է հավատալ: Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ մենք ունենք ապահով եւ անվտանգ Հայաստան՝ շնորհիվ մեր զինվորների, մյուս կողմից՝ մենք քաջ գիտակցում ենք, որ հենց նրանք են ստեղծում հուսալի երաշխիք մեր պայծառ ապագայի համար:
2013 թվականը մեզ համար դժվարին տարի էր, ունեցանք հաջողություններ` արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ունեցանք նաեւ բացթողումներ: Օրինակ՝ շինարարությունում աճի տեմպերն ամենեւին մեզ չեն բավարարում: Միեւնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ հաջողության հասնելու համար մեզ փոքրինչ պակասում է վստահությունը, փոխադարձ հարգանքը: Ցանկանում եմ, որ այսօր՝ Նոր տարվա նախաշեմին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, լցվենք լավատեսությամբ, որովհետեւ այն մեզ հաղորդում է նոր լիցք՝ հաղթահարելու մարտահրավերները եւ նոր դժվարությունները:
Ցանկանում եմ ձեզ խաղաղություն, համերաշխություն, սեր ձեր ընտանիքներում: Աստված մեզ պահապան»:




























