Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կոչով դիմել է լրագրողներին, լրատվական գործակալությունների ղեկավարներին, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին, քաղաքացիներին` խնդրելով, որ այսուհետ «Սելիմի լեռնանցք» արտահայտության փոխարեն օգտագործեն «Վարդենյաց լեռնանցք» տեղանունը: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Տարբեր առիթներով մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներով, ճանապարհների վիճակին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններում, զբոսաշրջային գրքույկներում եւ տեղեկատվական նյութերում հաճախակի գործածվում է «Սելիմ» անվանումը, երբ խոսքը վերաբերում է ճանապարհային լեռնանցքին, քարավանատանը եւ այլն:
Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է, այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով: Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ:
Ուզում եմ բոլորի տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղաններում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»` «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական եւ հայեցի հասկացությունները` աշխարհագրական եւ պատմական այդ վայրերը հիշատակելիս»,- գրել է մարզպետը:





























