Ուկրաինացի հայտնի լրագրողուհի եւ ակտիվիստուհի Տատյանա Չորնովոլը, որը դաժան ծեծի էր ենթարկվել դեկտեմբերի լույս 25-ի գիշերը, կարծում է, որ իրեն ծեծի ենթարկելու հրամանը անձամբ Ուկրաինայի նախագահն է տվել: Այս մասին նա ասել է  Hromadske.TV-ի հետ հարցազրույցում:

«Ես այդ մասին մտածել եմ: Փաստացի վերջին երեք տարիներին  ես մեկ մարդու դեմ եմ աշխատել՝ Վիկտոր Ֆեոդորովիչի», - հայտարարել է Չորնովոլը:

«Մնացած բոլորը իմ հոդվածներում հայտնվել են բացառապես այն բանի համար, որ աշխատել են նրա թիմում եւ նրա շահերից ելնելով: Ես մտածել եմ այս ամենի մասին, եւ ես միայն մեկ բացատրություն ունեմ՝ սա նրա պատճառով է: Այսինքն ես նրա սեւ ցուցակում եմ», - հավելել է նա:

Նրա խոսքով՝ երբ ինքը նկատել է, որ իրեն հետեւում են, անմիջապես մտածել է  կալանքի մասին:

 «Ես կենտրոնացել էի, փորձում էի ողջ մնալ, որվհետեւ հասկացել էի, որ դեպքերը ծավալվում են այնպես, որ, ակնհայտորեն, ինձ պատվիրել են», -հիշել է լրագրողուհին:

Հաղորդվել է, որ Չորնովոլին ծեծել են պրոֆեսիոնալները՝ նշան բռնելով գլխին: «Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էի կանգնել ձեռքերս իջեցրած եւ  այդ ողջ ընթացքում նրանք հարվածում էին դեմքիս», - խոստովանել է կինը:

Նրա խոսքով՝ հարձակվողները վստահ էին, որ ինքը մեռած է, այդ պատճառով պառկած թողել են ճամփեզրին, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, Եվրամայդանի ակտիվիստուհի եւ լրագրողուհի Տատյանա Չորնովոլը դաժան ծեծի էր ենթարկվել Բորիսպոլի մայրուղում դեկտեմբերի լույս 25-ի գիշերը:

Ձերբակալվել է ուկրաինացի լրագրողուհուն ծեծի ենթարկողներից մեկը

Ուկրաինացի լրագրողները ըմբոստացել են իրենց գործընկերոջը ծեծի ենթարկելուց հետո